Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարարի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված

Սուրեթ Հուսեյնովի հեղաշրջման փորձի մասնակից, Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար, զորամասերից մեկում նախկին հրամանատար Իսա Սադիխովի նկատմամբ միջազգային հետախուզություն է հայտարարված։

Ադրբեջանի ՊՆ-ում սեփական աղբյուրներին հղում տալով՝ ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ զինդատախազության հատուկ քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել Սադիխովի նկատմամբ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 341.3 հոդվածով (պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանության կամ պաշտոնական դիրքի չարաշահում պատերազմական իրավիճակում կամ մարտական դրության ժամանակ)։ Ներկայումս փաստի առնչությամբ հետաքննությունը շարունակվում է։

Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար Իսա Սադիխով

Ադրբեջանի պաշտպանության նախկին փոխնախարար Իսա Սադիխով

Ըստ վերջին հրապարակումերի՝ 2011-ից Նորվեգիայում բնակվող ու վերջերս Թուրքիա այցելած Սադիխովը հայտարարել էր, որ ուշիուշով հետևում է Ադրբեջանում կատարվող իրադարձություններին և մտադիր է մոտ ապագայում այդ երկիր գալ։ Ավելին, նախկին փոխնախարարը չի բացառել, որ անհրաժեշտության դեպքում կհամալրի ընդդիմության, մասավորապես, «Ազգային խորհրդի» շարքերը։

Նշենք, որ Սադիխովն Ադրբեջանի միջազգային համալսարանի նախկին ռեկտոր, Ազգային անվտանգության աշխատակից, անհայտ կորած Մահիր Աբդուլաևի եղբայր Էլշան Աբդուլաևի իրավունքների պաշտպանության կոմիտեի անդամ է։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում եզակի չեն նախկին զինվորականների հետապնդման ու ձերբակալման դեպքերը։ Ընթացիկ տարվա մարտին ձերբակալվել էր պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Գազիևը, ապա ՆԳՆ-ում որոշ ժամանակ մնալուց հետո նրան ազատ էին արձակել։

Հավելենք, որ Ադրբեջանում Սադիխովի նկատմամբ հետախուզություն հայտարարելը միանշանակ չի ընդունվել։

Ադրբեջանում հայտնի լրագրող, ընդդիմադիր կեցվածքով աչքի ընկնող Խաջիջա Իսմայիլովան իր ֆեյսբուքյան էջում հետաքրքիր գրառում է թողել. «Ադրբեջանի իշխանությունները նպատակաուղղված հետապնդում են Սադիխովին։ Նա նախկին քաղբանտարկյալ է, քաղաքական ապաստան է ստացել Նորվեգիայում։ Սադիխովը մշտապես քննադատել է Ադրբեջանի բանակում տիրող կաշառակերությունը, քաղաքական միտումներից ձերբակալություններն ու բռնատիրական կարգը։ Հիշում ենք, որ Ռամիլ Սաֆարովի ազատումից հետո Սադիխովն առաջիններից մեկն էր, ով մեղադրեց ալիևյան վաչակարգին այդ քայլով Արցախի հիմնախնդրում բանակցություններում հետընթաց ապրելու և միայն սեփական իշխանությունն ամրապնդելու փորձի մեջ։ Բացի այդ, մենք լավ գիտենք՝ իշխանություններն արդեն ունեն միջազգային հետախուզման միջոցով իրենց դեմ դուրս եկող ցանկացած անձի դեմ պայքարելու փորձի մասին. Եվրոպայում ցույցերի կազմակերպիչ Վուղար Ռաշիդովին ձերբակալեցին հենց այդպիսի անհիմն մեղադրանքի միջոցով»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *