Դեկտեմբերի 14-ին Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունում ամփոփել են 2018 թվականի արդյունքները: Նիստի ընթացքում ծառայության ղեկավարը հայտարարել է ՀՀ հետ սահմանի որոշ հատված պահպանելու վերաբերյալ Իլհամ Ալիևի նոր հանձնարարականի մասին:
Պետական սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Ղուլիևը, մասնավորապես, ասել է՝ հաշվի առնելով ծառայության ներուժը նախագահը հանձնարարել է պահպանության վերցնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Ղազախ-Աղստաֆա հատվածը:
Ընդգծենք, որ հայտարարության մեջ չի նշվում, թե ինչ ժամկետներում է դա արվելու: Փորձենք պատասխանել թեմային վերաբերող, ըստ մեզ, ընթերցողների շրջանում առաջացող հարցերին:
Ի՞նչ է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունը
Բանակից հետո երկրորդ ռազմական ուժն է Ադրբեջանում: Ապահովում է ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ սահմանների անվտանգությունը: Ունի արագ արձագանքման ստորաբաժանումներ, որոնք ըստ անհրաժեշտության նախատեսված են ուղարկել սահմանային հատվածներ:
Սպառազինությունում ունի տանկեր, զրահամեքենաներ, ավիացիա, այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ Մի-8 ուղղաթիռներ, հետախուզական Hermes 900 և 450 ԱԹՍ-ներ:
Կառույցի ստորաբաժանումները կարող են հասցվել հայ-ադրբեջանական ռազմաճակատի տարբեր հատվածներ։ Այդպես արդեն եղել է 2016թ․ Ապրիլյան պատերազմում, երբ Եվլախից ստորաբաժնումներ մոտեցվեցին ռազմաճակատին։ Այս պահին մեզ հայտնի չէ, թե արդյոք այդ ստորաբաժանումները մասնակցել են մարտական գործողություններին, թե եղել են ռեզերվում։
Ի՞նչ է սա նշանակում
Հայտարարության համաձայն՝ առաջնագծի այդ հատվածի անձնակազմին կփոխարինեն Պետական սահմանապահ ծառայության զինծառայողներով:
Մի կողմից սա կբարձրացնի Պետական սահմանապահ ծառայության, ինչու ոչ, նաև կառույցի ղեկավար Էլչին Ղուլիևի անձնական դերը ու նշանակությունը Ադրբեջանի պաշտպանական համակարգում: Մյուս կողմից կթեթևացնի բանակի՝ այդ հատվածը պահող ստորաբաժանումների ծանրաբեռնվածությունը, և խնայված ուժերի հաշվին կավելանա մոբիլության ու սահմանագծի անհրաժեշտ հատվածներ որպես ռեզերվ ուղարկվելու հնարավորությունը:
Ավելացնենք, որ, ըստ մեր տվյալների, ներկա պահին 3-րդ կորպոսում (ընդ որում մեկը հենց Աղստաֆայում) ընթանում են նոր զորամասերի կառուցման աշխատանքներ: Ենթադրում ենք, որ այդտեղ որպես ռեզերվ կարող են տեղակայվել առաջնագծից հետ քաշված ուժերը:
Ո՞վքեր են հիմա կանգնած սահմանի այդ հատվածում
Ղազախում է տեղակայված Ադրբեջանի ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի ենթակայության տակ գտնվող 707-րդ մոտոհրաձգային բրիգադը: Առաջնագծի այդ հատվածը սպասարկում են հենց այս բրիգադի մոտոհրաձգային գումարտակները: Փոփոխությունից հետո ենթադրվում է, որ հենց նրանք էլ պետք է հետ քաշվեն և ծառայեն որպես ռեզերվ:
Բացի այդ՝ սահմանի երկայնքով դիրքավորված են նաև նույն բրիգադի հրետանային ուժերը: Քիչ հավանական ենք համարում, որ նրանք կփոխարինվեն, քանի որ Պետական սահմանապահ ծառայությունը հրետանային ստորաբաժանումներ, առավել ևս փորձ չունի այդ ուղղությամբ:
Արդյո՞ք կարող են փոխարինել բանակի ստորաբաժանումներին առաջնագծում
Կարծում ենք, որ այդ հատվածում բավարար ներուժ և փորձ ունեն: Աղստաֆայում կա ՊՍԾ ռազմաբազա, իսկ հարակից զորավարժարաններում տևական ժամանակ անկացրել են վարժանքներ: Բացի դա, ՊՍԾ խոշոր ռազմաբազա կա Շամքորում, որի ստորաբաժանումները անհրաժեշտության դեպքում հնարավոր է ևս տեղակայվեն առաջնագծում:
Լրացուցիչ ուժեր կարող են ստանալ նաև Եվլախում տեղակայված արագ արձագանքման ուժերից: Այդ զորամասի մասին առավել մանրամասն այստեղ:
Ընդգծենք նաև, որ սա առնվազն մեր համար անսպասելի չէ, քանի որ Ադրբեջանում սահմանապահները վարժանքներ էին անում առանջանագծին բնորոշ խրամատներում: