Կարծիք. Ադրբեջանը վերախմբավորում է ուժերը ՀՀ սահմանի մոտ

Ներքաղաքական իրադարձությունների ստվերում բավարար ուշադրության չարժանացավ այն լուրը, որ Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի որոշ հատվածներում բանակի ուժերը փոխարինելու է Պետական Սահմանապահ ծառայության (ՊՍԾ) ուժերով։

Փոխարինում է, փոխարինում, մեզ ի՞նչ։ Վերջիվերջո գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում, չէ՞։ Բայց սա այդ դեպքը չէ․ այս թվաբանությունում գումարելիների տեղերը փոխելուց գումարը փոխվում է։

Ընդհանրապես, այս լուրը դեռ պետք է մանրամասն քննել և ուշադիր հետևել հետագա իրադարձություններին, բայց որոշ դատողություններ արդեն իսկ կարող ենք անել։ Հենց սկզբից ընդգծենք, որ այս քայլը ոչ թե լարվածության թուլացման ցուցիչ է, այլ՝ ուժերի կենտրոնացման միջոց ու վերախմբավորում։

Այսպես փոխարինում են Ադրբեջանի ազգային բանակի 707-րդ մոտոհրաձգային բրիգադը, որը մտնում է Ադրբեջանի 3-րդ կորպուսի կազմում։ Աղստաֆա-Ղազախ ուղղությամբ տեղակայված այս բրիգադը պահում էր ռազմաճակատի ամենահյուսիսային հատվածը․ Վրաստանի սահմանից սկսած Տավուշի ամբողջ մեծ սահմանը։

Վրաստանի սահմանին մոտ ադրբեջանցիները նախկինում ունեին նաև ՊՍԾ ստորաբաժանումներ, որոնք բացի այն բանից, որ հսկում էին Վրաստանի հետ սահմանը, նաև ռեզերվի դեր էին կատարում նույն 707-րդ բրիգադի համար։ Կարելի է ենթադրել, որ հենց այդ ուժերի հիմքի վրա էլ կազմավորվել է 707-ին փոխարինող ստորաբաժանումը (ներկայումս դրանք Շամքորի սահմանապահ ջոկատի կազմում են, բայց հավանաբար կառանձնացվեն որպես առանձին սահմանապահ ջոկատ)։

Ընդ որում, կարևոր մի հանգամանք․ Գանձակից արևմուտք Ադրբեջանը փաստացի ռեզերվում բանակի ոչ մի մոտոհրաձգային բրիգադ չուներ։ Կային միայն բուն 3-րդ կորպուսի ուժերը, որոնք տեղակայված են Շամքոր քաղաքում։ Ավելին, Գանձակում եղած 2 ռեզերվային բրիգադներից մեկը՝ 130-րդը դեռ 2014-ից հետո տեղափոխվել էր առաջնագիծ (1-ին կորպուսի կազմում)։

Այսպիսով, ի՞նչ է հավանաբար արվում։ 707-ի փոխարեն սահմանին կանգնող ՊՍԾ ուժերը փաստացի լինելու են թեթև մոտոհրաձգային բրիգադ։ Ընդ որում, Ադրբեջանում ՊՍԾ ստորաբաժանումները նորմալ պատրաստված են, այդ թվում համազորային մարտ վարելու համար, պարբերաբար թե առանձին, թե բանակի հետ համատեղ զորավարժություններին խաղարկում են համապատասխան սցենարներ։ Ընդ որում՝ այդ բազմաթիվ համատեղ զորավարժությունները նաև ուժային կառույցների միջև փոխգործակցության հարցերն են լուծել։

Շատ հնարավոր է, որ փոխարինումից հետո 707-ի նախկին գոտու հարավային մասը փոխանցվի 812-րդ մոտոհրաձգային բրիգադին, որի պատասխանատվության գոտին համեմատաբար ավելի փոքր էր։ Արդյունքում Ադրբեջանի պաշտպանունակությունը սահմանի այդ հատվածում բացարձակ չի տուժի այն բանից, որ մոտոհրաձգային բրիգադը փոխարինում են ավելի թեթև բրիգադով։ Հատկապես, որ Ղազախում Ադրբեջանն ունի նաև ներքին զորքերի ստորաբաժանումներ, որոնք, ինչպես և ՊՍԾ ուժերը, նույնպես պատրաստված են համազորային մարտ վարելու համար։

Փոխարենն Ադրբեջանն ազատում է մեկ լիարժեք մոտոհրաձգային բրիգադ։ Այն ամենայն հավանականությամբ ոչ միայն հետ կքաշվի, այլև կտեղակայվի ավելի հարավ։ Դրա արդյունքում Գանձակից արևմուտք Ադրբեջանը կունենա ռեզերվային մոտոհրաձգային բրիգադ, որն առաջին հերթին Տավուշի ու Գեղարքունիքի ուղղությամբ, բայց անհրաժեշտության դեպքում նաև Մռավի ուղղությամբ կարող է օգնության հասնել ռազմաճակատում տեղակայված ուժերին։

Ինչպես տեսանք, գումարելիների տեղափոխությունից գումարն այնուամենայնիվ աճեց։ Այս «հաշվապահությամբ» փաստացի, Ադրբեջանն օպտիմալացնում է իր ուժերը Հայաստանի հետ սահմանի մոտ՝ դրանք ավելի արդյունավետ ձևով տեղաբաշխելով։ Վերջում ևս մեկ անգամ ընդգծենք, որ այս քայլը լարվածության համար չի, այլ ուժերի վերախմբավորման։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *