Ադրբեջանի ՊՍԾ Եվլախի ռազմաբազան

Razm.info-ն շարունակում է ներկայացնել Ադրբեջանի կարևոր ռազմական օբյեկտները։ Այս անգամ կանդրադառնանք Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) խոշոր ռազմաբազաներից մեկին, որը գտնվում է ռազմակավարական կարևորագույն նշանակություն ունեցող Եվլախ քաղաքի մոտ։

Ավանդաբար Ադրբեջանի մյուս ուժային կառույցները, այդ թվում ՊՍԾ-ն Հայաստանում ընկալվել են ու շարունակվում են ընկալվել ոչ պատշաճ լրջությամբ։ Իրականում այդ կառույցները բավականին զարգացած և բազմաքանակ են ու մասնավորապես հավանական պատերազմի դեպքում դրանք ադրբեջանական բանակի առաջին ռեզերվ են։

ՊՍԾ ռազմաբազան, որը հիմա կդիտարկենք, գտնվում է Եվլախ քաղաքից մոտ 4-5կմ հարավ։

Այն նորակառույց բազա է, որի շինարարությունը սկսվել է 2011 թվականից, իսկ 2013-ին այն արդեն ֆունկցիոնալ վիճակում էր։ Այդ ընթացքում կառուցվում են գարաժներ, սպաների և պայմանագրային զինծառայողների համար նախատեսված բազմաբնակարան շենքեր, միջոցառումների սրահ, զորանոց, շտաբի շենք, ճաշարան, պահեստներ, ուղղաթիռահրապարակ և այլն: Հետագայում՝ կառուցվում է ևս մեկ պահեստ ու շինություն, մարզահրապարակ և ջրավազան:

Ադրբեջանի ՊՍԾ Եվլախի ռազմաբազան

Ադրբեջանի ՊՍԾ Եվլախի ռազմաբազան

Մեր գնահատմամբ բազայում ներկայումս ծառայում է մոտ 2000-3000 հոգի, իսկ տեխնիկայից սպառազինությունում կան թուրքական Otokar Cobra զրահապատ մեքենաներ (մոտ 3 տասնյակ)  և խորհրդային արտադրության ԲՏՌ-70 զրահափոխադրիչներ (առնվազն 60-70 միավոր)։ Միայն այս հայտնի տեխնիկան բավարար է մոտ 800-900 զինծառայողների արագ տեղաշարժի համար, ինչը մոբիլության շատ բարձր աստիճան է։

ԲՏՌ-70 զրահափոխադրիչները ՊՍԾ բազայում

ԲՏՌ-70 զրահափոխադրիչները ՊՍԾ բազայում

Շատ կարևոր է հասկանալ նաև բազայի նշանակությունը։ Այն, լինելով ՊՍԾ ենթակայության, իրականում զգալի հեռու է Ադրբեջանի սահմաններից․ ուղիղ գծով 75կմ, ճանապարհներով էլ ավելի շատ։ Սա արդեն իսկ ցույց է տալիս, որ բազային վերապահված է հատուկ դեր։

Այդ դերը պատկերացնելու համար կարևոր է հասկանալ, Եվլախ քաղաքը Ադրբեջանի ամենակարևոր տրանսպորտային հանգույցներից է։ Հենց այս քաղաքով են անցնում Ադրբեջանը Վրաստանին կապող երկաթուղին, հիմնական մայրուղին։ Եվլախով են անցնում նաև Ադրբեջանի մերձարցախյան շրջանների հանրապետական նշանակության մի շարք ճանապարհներ։

Քաղաքում կա նաև ռազմական խոշոր օդանավակայան, որում մասնավորապես անց են կացվում նաև թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ։ Որպեսզի մեր ընթերցողն էլ ավելի լավ պատկերացնի այդ քաղաքի ռազմավարական կարևորությունը, նշենք, որ զուտ տեսականորեն, եթե մի օր հայկական բանակը գրավի այդ քաղաքը, Ադրբեջանը փաստացի կկիսվի երկու մասի։

Վերը նշվածից արդեն պարզ է դառնում Եվլախի ռազմաբազայի նշանակությունը։ Նախ այն գտնվում է մի շարք ճանապարհների հարևանությամբ, որը հնարավորություն է տալիս արագ տեղափոխվել մասնավորապես մերձարցախյան շրջաններում։ Երկրորդ՝ ռազմաբազան զինված է մեծ թվով զրահափոխադրիչներով և զրահապատ մեքենաներով ու ունի շատ բարձր մոբիլություն։ Ի թիվս դրանց զորամասը պարբերաբար մասնակցում է տրանսպորտային ուղղաթիռների ներգրավմամբ զորավարժությունների, այսինքն՝ նախատեսվում է, որ անհրաժեշտության դեպքում զորամասից ստորաբաժանումներ նաև ուղղաթիռների օգնությամբ կհասցվեն մարտական գործողությունների վայր։

Այսպիսով, լայնամասշտաբ պատերազմի դեպքում այս բազայից ուժեր շատ արագ կարող են հասցվել հայ-ադրբեջանական ռազմաճակատի տարբեր հատվածներ։ Այդպես արդեն եղել է 2016թ․ Ապրիլյան պատերազմում, երբ Եվլախից ստորաբաժնումներ մոտեցվեցին ռազմաճակատին։ Այս պահին մեզ հայտնի չէ, թե արդյոք այդ ստորաբաժանումները մասնակցել են մարտական գործողություններին, թե եղել են ռեզերվում։

Մյուս կողմից էլ հայկական հավանական առաջխաղացման դեպքում էլ Եվլախի ռազմաբազայի հիմնական խնդիրն է լինելու աջակցել Թարթառ-Պարտավ(Բարդա)-Եվլախ ուղղությամբ գործող ադրբեջանական բանակի ուժերին։ Ի թիվս նշվածների բազան, ըստ ամենայնի, նաև մասամբ զբաղվում է խողովակաշարերի պաշտպանությամբ։

One response to “Ադրբեջանի ՊՍԾ Եվլախի ռազմաբազան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *