Իսրայելական ՀՕՊ համակարգը Ադրբեջանում

Ադրբեջանի՝ իսրայելական Barak-8 զենիթահրթիռային համալիր (ԶՀՀ) գնելու մասին խոսակցությունները սկսվել էին տարիներ առաջ, սակայն միայն 2016 թ. դեկտեմբերին Ադրբեջանը ցուցադրեց դրանք: «Ռազմինֆոյի» մասնագետները պարզել են այդ ԶՀՀ-ի տեղակայման վայրը և թե կոնկրետ որ մոդելն է ձեռք բերվել։

Նշենք, որ երեկ՝ հոկտեմբերի 3-ին, արբանյակային լուսանկարներով ռազմական օբյեկտներ ուսումնասիրող Թվիթերի օգտատեր Բերնդ Ռոյթերը գրել էր, որ Ադրբեջանում ՀՕՊ դիրք է հայտնաբերել, որտեղ կարող է տեղակայված լինել Barak-8 կամ Iron Dome հակաօդային պաշտպանության համակարգ։

Ելնելով մեր ուսումնասիրություններից՝ կարող ենք հաստատել, որ նշված վայրում իսկապես Barak-8 ԶՀՀ է տեղակայված, ավելին՝ 70 կմ հեռահարությամբ Barak LRAD տարբերակը:


Ինչպես նշեցինք, Barak-8 համակարգերի գնման վերաբերյալ կային անորոշ խոսակցություններ։ Մասնավորապես ենթադրություններ կային, որ գնվել են նավային տարբերակները, սակայն մեզ չհաջողվեց այս տեղեկությունը հաստատող որևէ օբյեկտիվ փաստ գտնել։ Հակասական էին տվյալները նաև հեռահարության վերաբերյալ։ Գոյություն ունեն Barak-8 ԶՀՀ մի շարք մոդիֆիկացիաներ․ Barak-MRAD (մինչև 35կմ), Barak-LRAD (մինչև 70կմ), Barak-ER (մինչև 150կմ)։

Որոշակի հստակություն մտվեց այն բանից հետո, երբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը 2016թ․ դեկտեմբերին հրապարակեց Ադրբեջանում համակարգի փորձարկումներից տեսանյութ, իսկ այնուհետև ցուցադրեց համակարգերը 2018թ․ հունիսի զորահանդեսին: Դրանցից դատելով՝ Ադրբեջանը ձեռք է բերել մինչ 70կմ հեռահարության Barak-LRAD տարբերակը։ Իհարկե, սա չի բացառում, որ Ադրբեջանն ունի նաև այլ մոդելներ, սակայն այդ մասին վկայող փաստեր այս պահին չկան։

Առանձին հետաքրքրության առարկա էր նաև Barak-LRAD համակարգերի տեղակայման վայրը։ Չնայած արդեն 2016 թ․ դեկտեմբերից ակնհայտ էր, որ դրանք Ադրբեջանում էին, սակայն գտնվելու ստույգ վայրը հայտնի չէր։ Ենթադրվում էր, որ դրանք, ինչպես և Ս-300-ները, պետք է տեղակայվեին Բաքվի մերձակայքում՝ պաշտպանելու շրջակայքում գտնվող ռազմավարական օբյեկտները, ինչն էլ հետագայում հաստատվեց։

Մեզ հաջողվեց արբանյակային լուսանկարներում գտնել Barak-LRAD ԶՀՀ-ները, որոնք տեղակայված են Բաքվի Քյուրդախանի ավանում։ Նախկինում այդ վայրում Ս-75 ԶՀՀ-ներ էին, որոնք ապամոնտաժվել են 2016–17թթ, ընթացքում։ 2017-ի հուլիսի 26-ին արված արբանյակային լուսանկարում շինարարական աշխատանքները դեռ շարունակվում են: Այդ հատվածից մեզ հասանելի հաջորդ արբանյակային լուսանկարը արվել է 2018-ի մայիսի 6-ին, որտեղ արդեն շինարարական աշխատանքները կարծես ավարտված են ու դիրքում երևում է Barak LRAD-ի կայան:

Քյուրդախանիի դիրքը

Barak-8 ԶՀՀ Քյուրդախանիի դիրքը

Կարելի է արձանագրել, որ այդ դիրքում Barak-ները հայտնվել են 2017 թ. հուլիսի 26 – 2018 թ. մայիսի 6 միջակայքում: Հատկանշական է, որ հենց այդ միջակայքում՝ 2017 թ. հոկտեմբերին, Ադրբեջանում տեղի է ունենում ՀՕՊ զորամասի բացման արարողություն։ Այդ արարողությունից Ադրբեջանի ՊՆ հրապարակած լուսանկարներից մեկում երևում է Barak LRAD-ի մի հատված:

Կարող ենք հիմնավոր ենթադրություն անել, որ ամենայն հավանականությամբ 2017-ի հոկտեմբերին կայացել է հենց այս՝ Քյուրդախանի բնակավայրի մոտ գտնվող զորամասի բացումը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *