Դեկտեմբերի 22-ին, Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է «Իլդիրիմ» զենիթահրթիռային համալիրներով վարժանքների անցկացման մասին: Սակայն, դատելով համակարգերի տեսքից, Ադրբեջանի ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները մարտական կրակով վարժանքներ են անցկացրել իսրայելական արտադրության Barak-8 ԶՀՀ-ներով:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կայքը հայտնում է, որ վարժանքներին ներկա են եղել Ադրբեջանի ՊՆ գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նեջմեդդին Սադիկովը, ռազմաօդային ուժերի հրամանատարը, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրով:
Նշենք, որ բացի արտաքին տեսքից, այդ համակարգերի իսրայելական լինելու մասին խոսում է նաև այն, որ «Բարաք» (եբր. ברק) եբրայերենից թարգմանաբար նշանակում է «կայծակ», իսկ ադրբեջաներեն՝ հենց «Իլդիրիմ»:
Barak-8 ԶՀՀ-ները համատեղ արտադրում են Իսրայելական Israel Aerospace Industries (IAI) և հնդկական Defence Research & Development Organisation կազմակերպությունը: ԶՀՀ-ները նախատեսված են ինչպես ծովային, այնպես էլ ցամաքային տեղակայման համար: Ըստ տարբեր աղբյուրների՝ այս համակարգերը թիրախը կարող են որսալ 70 կմ հեռավորությունից՝ 25 կմ բարձրության վրա:
Այդ համալիրները նախատեսված չեն հակառակորդի արձակած բալիստիկ հրթիռները որսալու համար: Կարող են օգտագործվել հակառակորդի ինքնաթիռները, ուղղաթիռները, անօդաչու թռչող սարքերը չեզոքացնելու նպատակով: Փորձարկվել են անօդաչու-թիրախների վրա հիմնականում:
Barak-8 հրթիռների առավելագույն արագությունը շուրջ 650-700 մ/վրկ է:
Անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններին, թե իբր այս համակարգերը «կարող են Իսկանդերների հրթիռներ որսալ», նշենք, որ չեն կարող: Այս մասին առավել մանրամասն խոսել ենք իսրայելական «Երկաթե գմբեթների» մասին նմանատիպ տեղեկությունը բացատրելիս:
Վարժանքների ընթացքում Barak-8 համակարգերից (հրապարակված լուսանկարներում երևում է երկու առանձին արձակման կայան) արձակված հրթիռներով խոցվել են պայմանական հակառակորդի թիրախի փոխարեն օդ արձակված թիրախներ: Դատելով հրապարակված տեսանյութից՝ դրանք թուրքական արտադրության Turna թիրախներ են (ԱԹՍ):
Ավելացնենք, որ դեռևս 2011 թ. ռազմական հետազոտություններով զբաղվող SIPRI ինստիտուտը հայտնել էր, որ Ադրբեջանը 1,6 մլրդ դոլարի պայմանագիր էր կնքել Ադրբեջանի հետ, որը ենթադրում էր այդ թվում 200 մլն դոլարի 1 դիվիզիոն Barak-8 ԶՀՀ-ների տրամադրում Ադրբեջանին՝ ռազմաօդային և ռազմածովային ուժերի համար՝ իրենց հրթիռներով (6 արձակման կայան ու 75 միավոր հրթիռ):
Հետագայում՝ 2013 թ. դրությամբ, Հնդկաստանի զինուժի համար այս ԶՀՀ-ների փորձարկումը ցույց տվեց, որ դրանք արդյունավետ չեն գործում: Սակայն արդեն 2015-16 թթ. հնդկական և իսրայելական կողմերը առանձին փորձարկել են համակարգը: Երկուսն էլ հայտնում են հաջող փորձարկումների մաիսն (1, 2):
2016-ի մարտին Ադրբեջանի ՌՕՈւ և ՀՕՊ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովի հայտարարությունից պարզ է դառնում, որ Ադրբեջանը այդ պահի դրությամբ դեռ չէր գնել «Բարաք-8» ԶՀՀ-ներ: Գնման մասին իսրայելական լրատվամիջոցներից մեկում տվյալներ հայտնվեցին մայիսին:
Pingback: Ադրբեջանի ռազմական ոլորտում 2016-ի կարևոր իրադարձությունները | Ռազմ.info