Օգոստոսի 3-ին Ռուասաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը Հայաստանում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը չի դադարեցնելու 100 մլն դոլար վարկով նախատեսված զենքի մատակարարումը Հայաստանին։
Այս մասին հայտնում է Արմենպրես լրատվական գործակալությունը։
Ըստ աղբյուրի՝ ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալը հայտարարել է, որ ռուսական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները ապատեղեկատվություն են։
Աղբյուրը հայտնում է նաև, որ նախարարի տեղակալ Ֆոմինը, այն հարցին, թե ինչպես է գնահատում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը, պատասխանել է, որ «Հայաստանն արդարադատություն է իրականացնում»։
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 2-ին ռուսական «Կոմերսանտ» պարբերականը հայտարարել էր, որ 100 մլն դոլար վարկով նախատեսված զենքի մատակարարումը Հայաստանին կարող է դադարեցվել, քանի որ, ըստ ռուսական կողմի՝ «․․․Դեռ այնքան էլ հասկանալի չէ, թե Հայաստանում ինչ է կատարվում»։
Պարբերականը նշում էր, որ դժգոհությունը Մոսկվայի մոտ առաջացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դատարանի առաջ կանգնեցումը. Հայաստանը նախօրոք չի տեղեկացրել այս մասին։
Նշենք, որ գեներալ–գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը Հայաստան է եկել երեկ՝ օգոստոսի 2-ին, «Միջազգային բանակային խաղեր-2018» մրցախաղի շրջանակներում Հայաստանում անցկացված «Ընկերակցության մարտիկ» մրցման փակման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով: Նա արդեն հանդիպել է ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների հետ: