100 մլն դոլարի վարկով զենքի մատակարարումը մեծ հարցականի տակ է․ «Կոմերսանտ»

Երևանի և Մոսկվայի միջև հարաբերությունների  անհամաձայնությունը կարող է բացասական անդրադառնալ Հայաստանին ռուսական զենքի մատակարարման վրա։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականը․

«ՌԴ ռազմական արդյունաբերության երկու ձեռնարկությունների թոփ մենեջերների խոսքով՝ պայմանագրի երկրորդ փաթեթի իրականացումը, որով Հայաստանը պետք է ստանար 100 միլիոն դոլարի վարկ՝ այժմ «մեծ հարցականի տակ» է։ Դեռ այնքան էլ հասկանալի չէ, թե ինչ է նրանց մոտ կատարվում»։

«Կոմերսանտի» տվյալներով՝ երկրորդ պայմանագիրը իրենից ենթադրել է հրաձգային զինատեսակների, ինժեներական կապի և մարդատար տրանսպորտային միջոցների մատակարարումների շարունակականություն: Պարբերականը գրում է՝

«Հայաստանի պաշտպանության նախարարության նախկին ղեկավարությունը ցանկանում էր նաև ձեռք բերել «Իսկանդեր-Է» համալիրների երկրորդ կոմպլեքսը, ինչպես նաև Սու-30ՍՄ կործանիչներ։ Հիմա այդ պլանները օդից կախված են»։

«Կոմերսանտի» տեղեկություններով՝ հիմնական դժգոհությունը Մոսկվայի մոտ առաջացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դատարանի առաջ կանգնեցումը. Հայաստանը նախօրոք չի տեղեկացրել այս մասին։ Կրեմլում սա լուրջ հարված են համարել ՀԱՊԿ–ի հեղինակությանը և չեն բացառում, որ ՀԱՊԿ–ը կարող է գլխավորել այլ երկրի ներկայացուցիչ։  Ավելին, հարցականի տակ են նաև 100 մլն դոլարի վարկով զինտեխնիկայի ձեռքբերման նախկին համաձայնեցումները։

Ամեն դեպքում կադրային հնարավոր փոփոխության հարցը նոյեմբերի 8-ից շուտ չի որոշվի, երբ կհավաքվեն ՀԱՊԿ երկրների ղեկավարները։ «Կոմերսանտը» հայտնում է, որ ՌԴ գերատեսչություններում իր աղբյուրները արդեն հասկացնում են, որ Հայաստանից նոր թեկնածուի հաստատման հարցում ավտոմատիզմ չի լինելու։ Եթե ՀՀ թեկնածուն կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում չհաստատվի, սեփական թեկնածու ներկայացնելու իրավունքը այբբենական կարգով կստանա Բելառուսը։

Նշենք, որ 100 մլն վարկի համաձայնագիրը կնքվել է Երևանում 2017 թվականի հոկտեմբերի 24-ին: Հայաստանը Ռուսաստանի հետ համանման համաձայնագիր կնքել է նաև 2015թ. հունիսի 26-ին, որի մատակարարումներն արդեն ավարտվել են։

2 responses to “100 մլն դոլարի վարկով զենքի մատակարարումը մեծ հարցականի տակ է․ «Կոմերսանտ»

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *