Հուլիսի 8-ին ռուսաստանցի հայ գործարարների հետ կքննարկվեն ՀՀ սահմանամերձ գյուղերում ներդրումների առաջարկներ

Հունիսի 28-ին անցկացվել է սահմանամերձ համայնքների խնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:

Նիստի ընթացքում միջգերատեսչական հանձնաժողովի անդամները քննարկել են հուլիսի 8-ին Մոսկվայում կայանալիք բիզնես ֆորումի նախապատրաստական աշխատանքները, որի ընթացքում ռուսաստանաբնակ գործարարների և արտադրողների հետ կքննարկվեն Հայաստանի սահմանամերձ համայնքներում ներդրումների ու արտադրամասերի կառուցման վերաբերյալ հարցեր ու առաջարկներ։

Այս մասին հայտնում է ՊՆ կայքը։

Դրանք կնպաստեն սահմանամերձ համայնքների բնակչության զբաղվածության ապահովմանը, իսկ ներդրողների համար կդառնան արդյունավետ բիզնեսի աղբյուր։

Նշվել է նաև, որ անցնող տարում գործուն քայլեր են ձեռնարկվել սահմանամերձ բնակավայրերի անվտանգության ապահովման, գործարար միջավայրի ձևավորման, շրջկենտրոնների և սահմանամերձ համայնքների միջև առկա զարգացման անհամամասնության հնարավորինս կրճատման, առկա սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ։

Հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն նշել է, որ հանձնաժողովի համար առաջնային կարևորության հարցը սահմանամերձ համայնքների բնակիչների անվտանգության ապահովումն է։

Այս միջգերատեսչական հանձնաժողովը ստեղծվել է փետրվարի 13-ին՝ ՀՀ վարչապետի որոշումով:

Հանձնաժողովը հիմնականում զբաղվում է սահմանամերձ համայնքներում պաշտպանական հարցերով, այդ թվում նաև սահմանամերձ համայնքների դպրոցների և մանկապարտեզների դիմաց պատնեշների, հակառակորդի հրետակոծությունից պատսպարվելու նպատակով թաքստոցների կառուցմամբ, ինչպես նաև իրադրության սրման դեպքում բնակիչների կողմից պահակային ծառայություն իրականացնելու նպատակով զենքի տրամադրմամբ:

Հանձնաժողովի գործունեությանը կարող եք հետևել այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *