Հունիսի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տարբեր օրենքներում փոփոխություններ կատարելու հրամանագրեր է ստորագրել: Փոփոխություններով եղած օրենքները համապատասխանեցվում են 2017թ․ ապրիլի 5-ից ուժի մեջ մտած «Ռազմական դրության մասին» օրենքին։
Փոփոխություններ են կատարվել պաշտպանության, ԶԼՄ-ների, քաղաքական կուսակցությունների գործունեության, հավաքների կազմակերպման ազատության, երթևեկության, արհեստակցական միությունների, միգրացիայի, զենք կրելու, աշխատանքի մասին օրենքներում, ինչպես նաև քրեական օրենսգրքում, նախագահի ու խորհրդարանի իրավասություններում։
«Պաշտպանության մասին» օրենքում ավելացել է մի կետ, որով երկրի նախագահը սահմանում է «առաջնագծի հատվածի» (տարածքի) սահմանները, ռազմական ղեկավարման օրգանների պարտականությունները, ինչպես նաև ռազմական դրության ժամկետի երկարացման կամ դադարեցման մասին որոշումները ներկայացնում է խորհրդարան հաստատման:
ԶԼՄ-ների, հեռահաղորդակցության և հեռուստառադիոյի մասին օրենքներ
ԶԼՄ-ների մասին օրենքի փոփոխությամբ, այժմ երկրում ռազմական դրություն հայտարարելու դեպքում լրատվամիջոցների նկատմամբ կարող է սահմանվել ռազմական գրաքննություն։ Բացի այդ, այն տարածքում, որտեղ հայտարարված է ռազմական դրություն, ԶԼՄ-ների նկատմամբ կարող է սահմանվել գործունեության «հատուկ ռեժիմ»:
Նշենք, որ դեռևս 2014թ․ սեպտեմբերին՝ օգոստոսյան մարտերից հետո, Իլհամ Ալիևը ստորագրել էր մեկ այլ հրամանագիր, որով արդեն իսկ սահմանափակվել էր բանակում և սահմանամերձ գոտում իրադարձությունների լուսաբանումը։
Հեռահաղորդակցության մասին օրենքի փոփոխությամբ, ռազմական դրության դեպքում, իրավասու պետական կառույցները հեռահաղորդակցության ցանցերի, կայանների և միջոցների օգտագործման առաջնային իրավունք են ստանում և կարող են դադարեցնել, սահմանափակել կամ կապի օգտագործման հատուկ կարգ սահմանել:
Երեկ՝ հունիսի 27-ին, արդեն հայտնել էինք, որ Իլհամ Ալիևը հրամանագիր էր ստորագրել ռազմական դրության դեպքում հեռուստառադիոնյութերի գրաքննության վերաբերյալ։
Հավաքներ հրավիրելու ազատության, երթևեկության և պատմամշակութային հուշարձանների մասին օրենքներ
Օրենքի նախկին տարբերակում հավաքների անցկացման ազատությունը կարող էր սահմանափակվել աղետի կամ այլ արտակարգ դրության ժամանակ, այժմ սահմանափակող գործոնների ցանկում ավելացել է նաև ռազմական դրությունը։
«Երթևեկության մասին» օրենքի փոփոխությամբ երթևեկությունը երկրում առանց հատուկ որոշման կարող է դադարեցվել ոչ միայն արտակարգ դրության կամ աղետի, այլ նաև ռազմական դրության ժամանակ։
Պատմամշակութային հուշարձանները երկրում արտակարգ կամ ռազմական դրության հայտարարման դեպքում պետք է տեղափոխվեն ապահով վայր՝ մինչև վտանգի անցնելը։
Արհեստակցական միությունների, ոչ պետական կազմակերպությունների և կուսակցությունների մասին օրենքներում
Երկրում ռազմական դրության հայտարարման ժամանակ ոչ պետական կազմակերպությունների (այդ թվում արտասահմանյան կազմակերպությունների մասնաճյուղերի), արհեստակցական միությունների, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների գործունեությունը կարող է դադարեցվել մինչև ռազմական դրության ավարտը։
Միգրացիայի, ծառայողական և քաղաքացիական զենք կրելու, աշխատանքի օրենքներում և քրեական օրենսգրքում
Ռազմական դրության ժամանակ հատուկ կարգ կարող է կիրառվել Ադրբեջանի, ինչպես նաև արտասահմանյան քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց երկրից հեռանալու և երկիր մուտք գործելու համար։
Ռազմական դրության դեպքում կարող է սահմանափակվել կամ արգելվել զենքի և զինամթերքի առևտուրը, իսկ ֆիզիկական անձանց մոտ եղած զենքերը կարող են ժամանակավորապես վերցվել։
Ռազմական դրության դեպքում աշխատանքային հանգստի ժամկետները կարող են փոփոխվել։
Քրեական օրենսգրքի փոփոխությամբ ռազմական դրության ժամանակ կատարած հանցանքը համարվում է ավելի ծանր։
Նշենք, որ ըստ Ադրբեջանի սահմանադրության՝ երկրում ռազմական դրություն կարող է հայտարարվել պատերազմի, Ադրբեջանի դեմ զինված հարձակման վտանգի, այլ պետությունների կողմից Ադրբեջանի սահմանները շրջափակելու և Ադրբեջանին պատերազմ հայտարարելու դեպքում։