Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի 102-րդ ռազմաբազայի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումները վարժանքներ են անում, զինծառայողները սովորում են ճնշել պայմանական հակառակորդի անօդաչու թռչող սարքերը։
Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։
ՌԷՊ մասնագետները նաև մշակում են կապի համակարգերի պաշտպանության նորմատիվներ։ Վարժանքներն անցկացվում են «Կամխուդ» զորավարժարանում։ Զորավարժությանը մասնակցում է շուրջ 100 զինծառայող, ներգրավված է 10 միավոր զինտեխնիկա, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր։
Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մեջ մտնող 102-րդ ռազմաբազան Հայաստանում՝ Գյումրիում, տեղակայվել է 1995 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջպետական համաձայնագրով: Բազան հագեցած է Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, զենիթահրթիռային «Բուկ», «Ստրելա-10» և Ս-300Վ համակարգերով ու համալիրներով, «Կոնկուրս» հակատանկային համալիրով, «Գռադ» համազարկային կրակի ռեակտիվ կայաններով, 2Ս1 «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցներով, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենաներով, Տ-72Բ տանկերով ևն: