Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանաշվիլու նախաձեռնությամբ՝ միջազգային գործողություններում և «Վրաստանի տարածքային ամբողջականության համար պայքարում» զոհվածների ընտանիքները 2014–2015թթ. 600 ԱՄՆ դոլարի չափով ամսական օգնություն կստանան։
Facebook սոցցանցում տեղադրված վիդեո-հայտարարության մեջ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան ասել է, որ Աբխազիայի համար մարտերից սկսած մինչև ներկայիս միջազգային տարաբնույթ գործողություններում զոհված «վրացի հերոսներն ամսական 1000 լարի կստանան»։
Պաշտպանության նախարարը կարևորել է նաև «Զինծառայողի մասին» օրենքի փոփոխությունները։ Նրա խոսքերով՝ այսուհետ ռազմական գործողություններում մահացած զինծառայողի հարազատները կստանան ոչ թե 15 հազար, այլ 100 հազար լարի (60,5 հազար ԱՄՆ դոլար)։
Այնուամենայնիվ, Ալասանիայի խոսքերից անհասկանալի է, թե զոհվածների ընտանիքներին օգնելու մեկամյա ծրագիրը ում կամ ինչ կառույցի կողմից է ֆինանսավորվելու։
Նշենք, որ այսօր՝ հունիսի 14-ի առավոտյան, ԱՄՆ ԶՈւ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Դոնալդ Քեմփբելը հեռախոսազրույցում շնորհակալություն էր հայտնել Վրաստանի ԶՈւ միացյալ շտաբի պետ Իրակլի Ձենալձեին՝ հաշվի առնելով այն, որ Վրաստանը, չնայած Աֆղանստանում 7 զինծառայողների կորստին, չի կասեցնում իր խաղաղապահ առաքելությունն Աֆղանստանում։
Վրաստանի՝ խաղաղապահ առաքելությունը շարունակելու և ԱՄՆ-ից այս առիթով շնորհակալական խոսքեր ստանալուց կարելի է ենթադրել, որ մահացած զինծառայողների ընտանիքներին ֆինանսավորելու հարցում Վրաստանին սատարել է ԱՄՆ-ն։