Թուրքիայում 35 զինվորական են ձերբակալել. մեղադրանքը՝ «գյուլենականություն»

Մայիսի 29-ին Թուրքիայում ձերբակալել են 35 զինվորական, որից 33-ը՝ գործող: Ձերբակալված զինվորականները մեղադրվում են 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչ համարվող Գյուլնեի «կառույցի» անդամ լինելու համար: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի հարավարևելյան Շրնաք նահանգում իրականացված գործողության արդյունքում ձերբակալված զինվորականների թվում են՝ 2 փոխգնդապետ, 1 կապիտան, 1 ավագ լեյտենանտ, 1 լեյտենանտ, 28 ենթասպա, 1 թոշակառու ավագ սերժանտ և «օրենքի ուժ ունեցող» հրամանագրով զինուժից հեռացված մեկ զինվորական:

Թուրքիայում 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո զինված ուժերից հեռացվել, ձերբակալվել է մի քանի հազար զինվորական, այդ թվում՝ ավելի քան 150 գեներալ: Միայն 2017 թ. մարտի դրությամբ հեռացված զինվորականների, կուրսանտների թիվն անցնում էր 23 հազարը: 2018 թ. ապրիլին Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել էր, որ առաջիկայում ևս 3000 զինվորականի կհեռացնեն բանակից:

Հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվում է ԱՄՆ-ում բնակվող ազգությամբ թուրք իսլամական քարոզիչ Ֆեթուլլա Գյուլենը:

Ռազմական հեղաշրջման փորձի համար ձերբակալված թուրք գեներալներ

Ռազմական հեղաշրջման փորձի համար ձերբակալված թուրք գեներալներ. (արխիվ 2016թ.)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *