Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան շարունակելու են հավատարիմ մնալ Իրանի հետ կնքած Միջուկային համաձայնագրի կատարմանը՝ անկախ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից։ Այս մասին Բեռլինում Գերմանիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ լե Դրիանը։ Մայիսի 7-ին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
«Մենք վճռական ենք փրկել այս գործարքը, քանի որ այս համաձայնագիրը Իրանին միջուկային զենք ձեռք բերել թույլ չտալու համար ճիշտ ուղի է », -ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը։
Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մասսը նույնպես, շեշտելով որ հավատարիմ են մնալու Միջուկային գործարքին, հավելել է, որ համաձայնագրից դուրս գալու որևէ արդարացված պատճառ չեն տեսնում։
Նշենք, որ այսօր՝ մայիսի 8-ի երեկոյան, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է հայտարարի՝ արդյոք ԱՄՆ-ն դուրս կգա Իրանի հետ կնքած Միջուկային համաձայնագրից:
I will be announcing my decision on the Iran Deal tomorrow from the White House at 2:00pm.
— Donald J. Trump (@realDonaldTrump) May 7, 2018
Դեռևս հունվարին Թրամփը 120 օր վերջնաժամկետ էր ներկայացրել համաձայանգիրը կնքած եվրոպական երկրներին, որպեսզի միասին աշխատեն համաձայնագրում փոփոխություններ կատարելու վրա, հակառակ դեպքում Թրամփը սպառնացել էր, որ ԱՄՆ-ն դուրս կգա գործարքից:
Թրամփի ներկայացրած վերջնաժամկետի ավարտի մոտենալուն զուգահեռ՝ ԱՄՆ էին մեկնել Ֆրանսիայի նախագահը և Գերմանիայի կանցլերը՝ համոզելու Թրամփին չլքել համաձայնագիրը:
Այդ այցերից հետո՝ ապրիլի 30-ին, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանին մեղադրել էր միջուկային համաձայնագիրը խախտելու, ստելու և միջուկային զենքի ստեղծման աշխատանքները շարունակելու մեջ: Նեթանյահուն ներկայացրել էր փաստաթղթեր՝ պնդելով, թե դրանք ապացուցում են իր ասածները: Թեմայի շուրջ ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ Razm.info-ի և Հանրային Ռադիոյի համատեղ հաղորդման ընթացքում: Թեմայի շուրջ զրուցել ենք իրանագետ Արմեն Իսրայելյանի հետ։