Ապրիլի 30-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Իրանին մեղադրել է միջուկային համաձայնագիրը խախտելու, ստելու և միջուկային զենքի ստեղծման աշխատանքները շարունակելու մեջ: Նեթանյահուն ներկայացրել է փաստաթղթեր՝ պնդելով, թե դրանք ապացուցում են իր ասածները:
Այդ առիթով Նեթանյահուն կազմակերպել էր ներկայացում (պրեզենտացիա), որտեղ ցուցադրում էր Իսրայելի հետախուզության «ձեռքն ընկած» ապացույցները: Ըստ Իսրայելի վարչապետի՝ իրենց հետախուզությունը մեծ հաջողություն է գրանցել՝ ձեռք բերելով Իրանի միջուկային ծրագրի արխիվը:
Ըստ ցուցադրության՝ արխիվը պահվում էր Թեհրանից հարավ գտնվող, պահեստ հիշեցնող կառուցում: Այստեղից Իսրայելի հետախուզությունը ձեռք է բերել 55 հազար էջ տվյալ, 55 հազար այլ նյութ և 183 սկավառակ:
Ձեռքբերված տեղեկությունների մեջ կային միջուկային ծրագրին վերաբերող լուսանկարներ, գծագրեր, տեսանյութեր և փաստաթղթեր:
Նեթանյահուն իր ելույթը հիմնականում կառուցել էր հետևյալ ուղղություններով.
- Իրանը շարունակում է միջուկային զենքի/մարտագլխիկների ստեղծման աշխատանքները;
- Իրանը խախտում է միջուկային համաձայնագիրը և ստում է ներգրավված կողմերին;
- Զուգահեռ Իրանը շարունակում է աշխատանքները հեռահար բալիստիկ հրթիռների ստեղծման ուղղությամբ:
Նշենք նաև, որ Նեթանյահուի ներկայացումը և դրանում ցուցադրված նյութերը միանշանակ չեն ընդունվել մասնագիտական շրջանակներում: Օրինակ՝ միջուկային ծրագրին հետևող վերլուծաբան Վլադիմիր Խռուստալյովը տարակուսանքով է մոտենում ներկայացվածին՝ նշելով, որ իրականում ցուցադրված «գաղտնի տեղեկությունները» կարելի է գտնել բաց աղբյուրներում:
Ինչ վերաբերում է միջազգային արձագանքին, ապա նշենք, որ Նեթանյահուի ներկայացումը առաջին հերթին ուղղված էր ԱՄՆ-ին, քանի որ նախագահ Թրամփը, գալով իշխանության, հայտարարում էր միջուկային համաձայնագրից դուրս գալու անհրաժեշտության մասին, իսկ այս ներկայացումը լրացուցիչ հիմք կդառնա Թրամփի համար: Սպիտակ Տնից արդեն քննադատել են Իրանին, նշել, որ ԱՄՆ-ին հայտնի են Իրանի՝ միջուկային զենքի ստեղծման ծրագրերը և Իրանը չպետք է ունենա միջուկային զենք:
Պատասխանելով Նեթանյահուի ցուցադրությանը՝ Բրիտանական կողմը նշել է, որ իրենք երբեք միամիտ չեն եղել այդ հարցում և կարևորել են միջազգային վերահսկողությունը միջուկային ծրագրի նկատմամբ: Ներկայացումից հետո Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ով վերահաստատել է, որ կողմերը պետք է հետևեն համաձայնագրի կատարմանը:
Այս հարցով հեռախոսազրույց են ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Մակրոնը հաստատել է, որ Ֆրանսիան դուրս չի գա Միջուկային համաձայնագրից:
Ռոհանին շեշտել է, որ Միջուկային համաձայնագիրը ենթակա չէ քննարկման և հայտնել, որ Իրանը ԱՄՆ ցանկացած որոշմանը համապատասխան քայլեր է մշակել: Իր հերթին Իրանի ԱԳՆ-ն Նեթանյահույի ցուցադրությունը որակել է որպես ծիծաղելի քարոզչական շոու: