Իսրայելի վարչապետը կարող է պատերազմ հայտարարել՝ առանց ողջ կառավարության համաձայնության

Ապրիլի լույս 30-ի գիշերն Իսրայելի խորհրդարանն («Քնեսեթ») ընդունել է «Կառավարության մասին» օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագիծը: Նոր օրենքով վարչապետը «ծայրահեղ իրավիճակներում» կարող է պատերազմ հայտարարել, ինչի համար բավարար է միայն պաշտպանության նախարարի համաձայնությունը:  Այս մասին հայտնում է Քնեսեթի կայքը (1, 2):

Օրենսդրական փոփոխությանը կողմ է քվեարկել 62, իսկ դեմ՝ 41 պատգամավոր:

Այս փոփոխությամբ վարչապետն այլևս կախված է չէ բոլոր նախարարների կարծիքից՝ պատերազմ հայտարարելու համար: Վարչապետին բավարար է ստանալ միայն կառավարության կեսի համաձայնությունը:

«Ծայրահեղ իրավիճակներում» վարչապետը կարող է առհասարակ կառավարության նիստ չգումարել և պատերազմ հայտարարել՝ ունենալով միայն պաշտպանության նախարարի համաձայնությունը: Սրանից հետևում է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այսուհետ կարող է պատերազմ հայտարարել՝ ունենալով միայն ներկայիս պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի համաձայնությունը:

Հիշեցենք, որ երեկ՝ ապրիլի 30-ին, Իսրայելի վարչապետը ներկայացրել էր որոշակի փաստաթղթեր՝ նշելով, որ դրանք ապացուցում են, թե Իրանը երբեք էլ չի դադարեցրել միջուկային զենքի ստեղծման աշխատանքները: Հավելենք, որ Իսրայելը պարբերաբար հրթիռակոծում է Սիրիայի ռազմաբազաներ՝ հայտարարելով, որ դրանք Իրանին են պատկանում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *