Ամերիկացի և ֆրանսիացի զինծառայողները հերթապահում են Սիրիայի Մանբիջ քաղաքում

Սիրիայի և Ֆրանսիայի զինված ուժերի ստորաբաժանումները մարտական հերթապահություն են իրականացնում Սիրիայի Մանբիջ քաղաքում՝ քուրդ-արաբական ուժերի վերահսկած տարածքում: Մանբիջը տեղակայված է անմիջապես Թուրքիայի վերահսկած սիրիական տարածքների դիմաց:

Սիրիայի քրդերի լրատվամիջոցներից մեկն այսօր՝ մայիսի 1-ին, հրապարակել է տեսանյութ, որտեղ էլ երևում են Մանբիջում հերթապահող ֆրանսիական և ամերիկյան ուժերը:

#شاهد_القوات_الامريكية_الفرنسية في #منبج

#شاهد_القوات_الامريكية_الفرنسية في #منبج

Posted by ‎فرات اف ام Furat Fm‎ on Tuesday, May 1, 2018

Ապրիլի 27-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետտիսը հայտարարել էր, որ դրանից շուրջ 2 շաբաթ առաջ Ֆրանսիան հատուկ շանակության ուժեր է ուղարկել Սիրիա: Ֆրանսիական ուժերը ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի կազմում պետք է կռվեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:

Սիրիայի տարածքում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան աջակցում և դաշնակցում է քուրդ-արաբական ուժերի հետ, որոնց շարքում մեծամասնություն են կազմում քրդերի «Ժողովրդական պաշտպանության ջոկատները» (YPG):

Հատկանշական է, որ Թուրքիան քրդական այդ ուժերին համարում է «ահաբեկչական»: Ավելին՝ 2018 թ. հունվարից թուրքական զինուժը գործողություն սկսեց Սիրիայի մեկ այլ՝ Աֆրինի շրջանում տեղակայված նույն ուժերի դեմ՝ գրավելով Աֆրինի մեծ մասը: Գործողություններին զուգահեռ թուրքական կողմը հայտարարում էր, որ իրենք հաջորդիվ պատրաստվում են գործողություն սկսել Մանբիջը քրդերից գրավելու համար:

Ֆրանսիայի նախագահը բազմիցս հայտարարել է, որ իրենք դեմ են Թուրքիայի նման քայլին, ինչին Թուրքիայի նախագահը բավականին կտրուկ էր արձագանքել: Էմանուել Մակրոնն անգամ Թուրքիայի գործողությունների ընթացքում ընդունել էր Սիրիայի քրդերի պատվիրակություն: Ամերիկյան կողմը ևս, դատելով առայժմ արված հայտարարություններից, անընդունելի է համարում թուրքական կողմի՝ Մանբիջում տեղակայված քրդական ուժերի դեմ հնարավոր գործողությունները: Հավանաբար ամերիկյան և ֆրանսիական զինուժն իր ներկայությամբ նպատակ ունի զսպել Թուրքիայի գործողությունները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *