Ապրիլի 25-ին Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանություն) ստորաբաժանումները ձերբակալել են երկրի ուժային կառույցների 15 զինծառայողի: Նրանք մեղադրվում են Ֆեթուլլա Գյուլենի «կառույցի» անդամ լինելու համար: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Ընդհանուր առմամբ, Մուղլա նահանգի դատախազությունը լիազորել է ձերբակալել 41 զինվորականի, որոնցից 2-ը ավելի վաղ հեռացվել են զինված ուժերից: Զինվորականները հիմնականում ծառայում են ռազմածովային ուժերում, առափնյա անվտանգության, ժանդարմերիայի հրամանատարություններում:
Ոստիկանական ուժերը շարունակում են գործողությունները մնացած 26 կասկածյալին հայտնաբերելու և ձերբակալելու համար:
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին հայտարարել է, որ նոր օրենքի ուժ ունեցող հրամանագրով ևս 3 հազար զինծառայողի կհեռացնեն բանակից: Ըստ նրա՝ գաղտնազերծել են բանակի ներսում Ֆեթհուլլա Գյուլենի ևս մեկ «կրիպտո կառույց»:
Նշենք, որ ձերբակալություններն ու հետապնդումները զինվորականների նկատմամբ սկսել է 2016թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո: Ընդ որում, դրանք տարածվում են ոչ միայն զինվորականների, այլև քաղաքացիականների, տարբեր լրագրողների, կազմակերպությունների վրա:
Թուրքիայում արդեն գրեթե 2 տարի է, ինչ գործում է «արտակարգ դրությունը», որի շրջանակներում երկրի իշխանությունները կարող են առանց որևէ խոչընդոտի ընդունել օրենքի ուժ ունեցող հրամանագրեր: