Ապրիլի 23-25-ը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտոնական այցով ԱՄՆ-ում էր։ Այցի ավարտին նախագահը հայտարարել է, որ չգիտի, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ինչ է որոշելու Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու առնչությամբ, սակայն կարծում է, որ ԱՄՆ-ն, ներքին դրդապատճառներից ելնելով, կլքի գործարքը։ Այս մասին փոխանցում է AFP լրատվական գործակալությունը։
«Ես չունեմ ներքին ինֆորմացիա Թրամփի որոշումից, սակայն ես լսում եմ՝ ինչ է ասում նախագահ Թրամփը, և ինձ թվում է, որ նա այնքան հակված չէ այն պաշտպանել», -ասել է Մակրոնը։
Մակրոնի խոսքերով՝ նա փորձում է ցույց տալ, որ համաձայնագիրը իմաստ ունի։
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Թրամփը 120 օրով երկարաձգել էր Միջուկային համաձայնագրի շրջանակներում Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման ժամկետը։ Ըստ Թրամփի՝ դա Միջուկային համաձայնագրի «սարսափելի թերությունները» շտկելու վերջին հնարավորությունն է։
Թրամփը կոչ էր արել համաձայնագիրը ստորագրած «եվրոպական երկրներին» այդ 120 օրվա ընթացքում միասին աշխատել համաձայնագրում փոփոխություններ կատարելու վրա։ Եթե համաձայնագիրը փոփոխության չենթարկվի՝ Թրամփը խոստանում է, որ ԱՄՆ-ն դուրս կգա համաձայնագիրից։
Ավելի վաղ՝ ապրիլի 24-ին Դոնալդ Թրամփի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան պատրաստ է աշխատել նոր համաձայնագրի վրա։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան կայքը։
Ըստ նրա՝ միջուկային համաձայնագիրը «բավարար չէ», սակայն հնարավորություն է տալիս մինչև 2025 թ. վերահսկել Իրանի միջուկային գործունեությունը։ Մակրոնի խոսքերով ՝պետք է լուծել 4 կարևոր հարց: Դրանք են՝
- Մինչև 2025 թվական կասեցնել Իրանում ցանկացած միջուկային գործունեություն,
- Վստահ լինել, որ ապագայում նույնպես Իրանը միջուկային ոլորտում գործունեություն չի ծավալի
- Կասեցնել Իրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը,
- Զսպել Իրանին Մերձավոր Արևելքում։
Մակրոնը նաև ցանկություն է հայտնել, որ նոր համաձայնագրի աշխատանքներին Եվրոպայի գործընկերներից բացի ներգրավվեն նաև տարածաշրջանային ուժեր, այդ թվում ՝ Ռուսաստանը, Թուրքիան:
Անդրադառնալով այս իրադարձություններին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ համաձայնագրում անգամ մի նախադասության փոփոխություն չի լինի։
«Միջուկային համաձայնագիրը կամ պահպանվում է կամ չի պահպանվում, եթե պահպանվում է, ապա ամբողջական, եթե ոչ՝ բոլորը պետք է նրան հաջողություն ասեն»-, հայտարարել է Ռոհանին։
Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ համաձայնագրից ԱՄՆ դուրս գալու պարագայում Իրանը մշակել է գործողությունների մի քանի տարբերակ, որոնցից մեկն է միջուկային ոլորտում ավելի ինտեսիվորեն ակտիվանալը։
Եվրամիությունը այս անգամ ևս պաշտպանել է Միջուկային համաձայնագիրը. ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ միջուկային համաձայանագիրը պետք է պահպանվի, իսկ Մակրոնի և Թրամփի քննարկումները նոր համաձայնագրի շուրջ պետք է կառուցվեն գոյություն ունեցող համաձայնագրի իրագործման վրա։
Հավելենք, որ Սպիտակ տան ղեկավարը մասնավորապես պահանջում է, որ միջուկային համաձայնագրով Իրանի նկատմամբ սահմանված պարտավորությունները լինեն անժամկետ, ինչպես օրինակ՝ ուրանի հարստացման արգելքը չսահմանափակվի 10 տարով (Համաձայնագրով Իրանը կարող է ուրան հարստացնել մինչև 3.67 տոկոս՝ խմբ.)։
Թրամփը նաև պահանջում է չտարանջատել Իրանի միջուկային ծրագիրն ու հեռահար հրթիռների զարգացման ծրագիրը և Իրանի հրթիռային կարողությունը սահմանափակելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել։
Ըստ Թրամփի՝ միջազգային տեսուչները պետք է կարողանան Իրանի ցանկացած օբյեկտում ստուգումներ անցկացնել։ Այս պահանջների չկատարման դեպքում ԱՄՆ-ն կվերականգնի իր պատժամիջոցները։
Թրամփի տված վերջնաժամկետը լրանում է մայիսի 12-ին։