Թուրքական «Յենի Շաֆաք». Ֆրանսիան 50 զինծառայող է ուղարկել Սիրիայի Մանբիջ

Թուրքական «Յենի Շաֆաք» պարբերականը պնդում է, թե Ֆրանսիան 4 ինքնաթիռով 50 զինծառայող է ուղարկել Սիրիայի Մանբիջ քաղաք՝ քրդական ուժերին օգնելու նպատակով: Առայժմ այս լուրը հաստատող այլ աղբյուր չկա:

Թուրքական աղբյուրը պնդում է, թե ֆրանսիացի զինծառայողները Մանբիջ եկել են ուրբաթ օրը՝ մարտի 30-ին: Ըստ այս կայքի՝ պարզ չէ, թե ֆրանսիացիները երկրի ներսից այլ բազայից են Մանբիջ տարվել, թե բերվել են դրսից:

Հատկանշական է, որ նույն օրը՝ մարտի 30-ին, Ֆրանսիայի նախագահն ընդունել էր Սիրիայի քրդերի ներկայացուցիչների, այդ թվում՝ նրանց զինված թևի, որոնց Թուրքիան համարում է «ահաբեկչական» ուժեր:

Քրդական կողմը հայտնում էր, թե Մակրոնը խոստացել է զորք ուղարկել Մանբիջ: Սակայն Մակրոնը նշել էր, թե իրենք ԱՄՆ գլխավորությամբ «Իսլամական պետության» դեմ պայքարի միջազգային կոալիցիայից դուրս գործողություն չեն սկսի:

Ֆրանսիայի նախագահը կոչ էր արել միջնորդի դեր ստանձնել քրդական և թուրքական ուժերի միջև, սակայն Թուրքիայի նախագահը նրան կոչ էր արել «չխառնվել նման գործերին»:

Թուրքիան 2018 թ. հունվարի 20-ից սկսած ռազմագործողության արդյունքում կարողացել է գրավել Սիրիայի Աֆրին շրջանի հիմնական մասը և սպառնում է հաջորդը հարձակվել Մանբիջի վրա, որտեղ այս պահին նաև ամերիկյան զինծառայողներ կան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *