Ֆրանսիան առաջարկում է միջնորդի դեր ստանձնել Սիրիայի SDF խմբավորման և Թուրքիայի միջև

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Մակրոնը պատրաստակամությունը է հայտնել միջնորդի դեր խաղալ Սիրիայի արաբա-քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորման և Թուրքիայի միջև: Քրդական կողմը նույնիսկ հայտնում է, որ Մակրոնը խոստացել է զորք ուղարկել Մանբիջ, սակայն այս հայտարարությունը մի փոքր հակասական է: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ այս հարցերը քննարկվել են Փարիզում Ֆրանսիայի նախագահի և  SDF խմբավորման ներկայացուցիչների հանդիպման ընթացքում: Թուրքական կողմի արձագանքները այս հայտարարություններին, ինչպես և սպասելի էր, բացասական են:

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման (SDF) մարտիկները Ռաքքայում

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորման (SDF) մարտիկները Ռաքքայում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Ֆրանսիայի չխառնվել նման գործերում: Հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

«YPG-ին աջակցելու երաշխիք ենք տվել:…Քեզ ով է նման գործ հանձնարարել, քեզանից մեծ գործերի մեջ մի մտի՛ր: Մենք միջնորդի կարիք չունենք: Այդ երբվանից է Թուրքիան ահաբեկչական խմբավորումների հետ մեկ սեղանի շուրջ նստելու խնդիր ունեցել…», – հայտարարել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարել է, որ խոսք անգամ չի կարող լինել Թուրքիայի և արաբա-քրդական SDF խմբավորման միջև երկխոսության, շփումների վերաբերյալ:

Մարտի 30-ին այս թեմայի շուրջ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ: Չավուշօղլուն իր դժգոհությունն է արտահայտել այդ հայտարարությունների վերաբերյալ: Հայտնում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:

Նշենք, որ SDF-ի կազմի մեջ ընդգրկած են նաև քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներ» (YPG) խմբավորման զինյալները, որոնց թուրքական կողմը հայտարարում է «ահաբեկչական կառույցներ»:

Ներկայում Թուրքիայի զինուժը շարունակում է քրդական ուժերի դեմ Սիրիայի Աֆրին շրջանում: Անկարան միաժամանակ հայտարարում է, որ Թուրքիան շարունակելու է ռազմական գործողությունները նաև Սիրիայի այլ շրջաններում, այդ թվում նաև Մանբիջ քաղաքում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *