ԱՄՆ-ն հավելյալ ուժեր է ուղարկում Սիրիայի Մանբիջ քաղաք. թուրքական ԶԼՄ-ներ

Թուրքական մի քանի աղբյուրներ տեղեկություններ են տարածել, որ ապրիլի 1-ին Միացյալ Նահանգները շարունակել է հավելյալ ուժեր տեղափոխել Սիրիայի Մանբիջ քաղաք՝ այնտեղ գտնվող քրդական ուժերին աջակցելու համար: 

Թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ Միացյալ Նահանգները շուրջ 300 զինծառայող և մեծ թվով զրահամեքենաներ է ուղարկել Եփրատ գետի արևմուտք՝ Մանբիջ քաղաք: «Անադոլուն», հղում անելով Սիրիայում իր աղբյուրներին, նշում է նաև, որ դրանք տեղակայվել են Մանբիջ քաղաքի արևելքում:

Նման տեղեկություններ են նաև տարածվել սոցցանցերում:

Թուրքական «Սյոզջու» պարբերականը հայտնում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը զորքերի ու զինտեխնիկայի տեղափոխումը Մանբիջ շարունակվել է: Ըստ աղբյուրի՝ տեղափոխումներն արվում են Սիրիայի Ղամշլիի քաղաքից:

Օրեր առաջ՝ մարտի 30-ին, տեսագրություններ են տարածվել, որտեղ երևում է, որ ամերիկյան կողմերը նոր ուժեր է ուղարկում Մանբիջ:

Թուրքական «Յենի Շաֆաք» պարբերականը պնդում է, թե Ֆրանսիան ևս 4 ինքնաթիռով 50 զինծառայող է ուղարկել Սիրիայի Մանբիջ քաղաք՝ քրդական ուժերին օգնելու նպատակով:

Մանբիջում ներկայում բացի քրդական ուժերից տեղակայված են նաև ԱՄՆ զինուժի զինծառայողներ: Միացյալ Նահանգները Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում համագործակցում է հիմնականում քրդական ուժերի հետ, ինչը լարվածություն է առաջացրել թուրք-ամերիկյան հարաբերություններում: Թուրքիան Նահագներին մեղադրում է «քուրդ ահաբեկիչներին աջակցելու համար»:

Վերջին շրջանում թուրքական կողմը պարբերաբար հայտարարում է, որ ԱՄՆ ու Թուրքիան համաձայնության են հասել Մանբիջից քրդերի դուրս բերման հարցում: Մասնավորապես Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր (12), որ YPG-ի դուրս գալուց հետո այնտեղ վերահսկողությունը իրականացնելու են թուրք և ամերիկացի զինծառայողները, սակայն ամերիկյան կողմը հերքում է որևէ համաձայնություն ձեռքբերվելու մասին լուրերը:

Նշենք, որ ներկայում Թուրքիայի զինուժը դեռ շարունակում է գործողությունները YPG-ի դեմ Սիրիայի Աֆրին շրջանում: «Ձիթենու ճյուղ» ռազմագործողությունը մեկնարկել է դեռևս հունվարի 20-ին: Մարտի 18-ին թուրքական կողմը հայտարարեց Աֆրին քաղաքի կենտրոնը գրավելու մասին:

ԱՄՆ հավելյալ ուժեր է ուղարկել Սիրիայի Մանբիջ քաղաք. նկարը թուրքական «Սյոզջու» պարբերականի

ԱՄՆ հավելյալ ուժեր է ուղարկել Սիրիայի Մանբիջ քաղաք. նկարը թուրքական «Սյոզջու» պարբերականի

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *