Հավանականություն կա, որ Իրաքի ԶՈւ-ն գործողություն սկսի PKK-ի դեմ Սինջարի լեռներում

Իրաքի կառավարական ուժերը, կարծես թե ռազմական գործողություններ են նախապատրաստում Սինջարի լեռներում տեղակայված Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) մարտիկների դեմ:

Նախ նման գործողության մասին հայտարարում է Թուրքիայի նախագահը, ապա Իրաքի վարչապետը անուղղակիորեն հաստատում է այն:

Մարտի 26-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ ինքը հետախուզական տվյալներ ունի այն մասին, որ Իրաքի կառավարական ուժերը Սինջարի հատվածում որոշ գործողություններ են նախատեսում: Էրդողանը հավելել էր, որ գործողության քննարկման համար երկու երկրների համապատասխան մարմինների միջև խորհրդակցություններ կլինեն, իսկ եթե Իրաքը չկարողանա գործողությունը «ինչպես հարկն է» անել, ապա այն կիրականացնի Թուրքիան:

Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին էլ իր թուրք պաշտոնակցին վստահեցրել է, որ Իրաքի զինված ուժերը ցուցումներ ունեն կանխելու Թուրքիայի ուղղությամբ քրդական ուժերի ձեռնարկած միջսահմանային հարձակումները:

Իրաքի տարածքում գտնվող Սինջարի լեռներում տեղակայված են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) մարտիկներ, որոնք ժամանակ առ ժամանակ դիվերսիոն հարձակումներ են գործում Թուրքիայի դեմ:

Հատկանշական է, որ մարտի 25-ին էլ Էրդողանը հայտարարել էր, թե թուրքական զինուժը ռազմագործողություն է սկսել Իրաքի Սինջարում PKK-ի դեմ: Գործողություններ սկսելու հայտարարությունը հերքել էր ինչպես Իրաքի ԶՈւ հրամանատարությունը, այնպես էլ՝ PKK-ն: Այնուամենայնիվ՝ կարելի է ենթադրել, որ Էրդողանի այդ հայտարարությունը ավելի շատ «մեսիջ» էր Իրաքին, որը կարծես թե իրաքյան կողմը ընդունեց:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *