Մարտի 27-ին Թուրքիայի 2-րդ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է թուրք-հունական սահմանները հատած 2 հույն զինծառայողին ազատ արձակելու վերաբերյալ նրանց փաստաբանների պահանջը: Հույն զինծառայողները շարունակելու են կալանավորված մնալ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Մարտի 2-ին թուրք սահմանապահները ձերբակալել են սխալմամբ Թուրքիայի սահմանը հատած հույն զինծառայողներին
Դատական նիստի ժամանակ դատավորը հայտարարել է, որ հույն զինծառայողների մեղավորությունը «ապացուցող մի շարք փաստեր են առկա»: Նախնական տվյալներով՝ հույն զինծառայողները հնարավոր է դատապարտվեն մինչև 5 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ մարտի 2-ին Հունաստանի զինված ուժերի 2 զինծառայող մոլորվել են և հայտնվել Թուրքիայի տարածքում: Զինծառայողները հերթապահել են Հունաստանի և Թուրքիայի միջև սահմանային գետ հանդիացող Մարիցա գետի հատվածում, եղանակային վատ պայմանների պատճառով մոլորվել են և հայտնվել թուրքական կողմում:
Հունաստանի ԶՈւ զինծառայողներ, լեյտենանտ Անգելոս Միթրետոդիսը և ենթասպա Դիմիտրիս Կաուկլազիսը մեղադրվում են «ռազմական լրտեսության փորձի կատարման և ռազմական արգելված գոտի մուտք գործել» համար:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Թուրքիան հույն զինծառայողներին ցանկանում է փոխանակել 2016-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո Հունաստան փախած թուրք զինծառայողների հետ: Սակայն ավելի ուշ երկու կողմն էլ հերքել էին այս տեղեկությունը: Հունական կողմը հայտարարել է, որ Հունաստանը Թուրքիայի հետ պատերազմի մեջ չէ, որ գերիներ փոխանակի: