Մարտի 25-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հայտարարել է, թե թուրքական զինուժը ռազմագործողություն է սկսել Իրաքի Սինջարում PKK-ի դեմ: Իրաքից, սակայն, հերքում են Էրդողանի հայտարարությունը և նշում, որ Սինջարն ու մյուս շրջաններն իրենց վերահսկողության տակ են: Էրդողանի հայտարարությունը հերքել են անմիջապես իրաքյան զինուժի հրամանատարությունից:
Բաղդադը նշում է, որ իրենց տարածքում որևէ արտասահմանյան ուժ ռազմագործողություն չի սկսել, Սինջարը, Նինվեն և երկրի հյուսիսային այդ հատվածներն իրաքյան զինուժի վերահսկողության տակ են:
Ռուսաստանյան «Սպուտնիկ» գործակալությունն իր հերթին հայտնում է, որ PKK-ն («քրդստանի աշխատավորական կուսակցություն») ևս հերքում է Էրդողանի հայտարարությունը:
Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ իրենք Սինջարում արդեն իսկ ռազմագործողություն են սկսել PKK-ի քրդական ուժերի դեմ:
Սինջար քաղաքը հիմնականում բնակեցված է եզդիներով: 2014-ի օգոստոսին քաղաքը գրավել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները, սակայն 2015-ի նոյեմբերին այն ազատագրել էին «Փեշմերգա» զորաջոկատները և այլ քրդական ուժեր: 2017 թ. Իրաքյան Քրդտանում անկախության հանրաքվեից հետո սկսված ռազմագործողության արդյունքում Սինջարը գրավել էին Իրաքի զինված ուժերը և շիայական «Հաշդ ալ-Շաաբի» զորաջոկատները: