Թուրքիան աշխատում է նաև ամերիկյան Patriot-ներ ձեռք բերել, բայց դա Ս-400-ներին այլընտրանք չէ

Այսօր՝ մարտի 23-ին, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ իրենք աշխատում են նաև ՆԱՏՕ-ի իրենց գործընկերներից հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերել: Խոսքը մասնավորապես ամերիկյան Patriot համակարգերի մասին է:

http://dai.ly/x6gqumt

 

«Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է: ՆԱՏՕ-ի սահմանները Թուրքիայի հարավային սահմաններից են սկսում: Մենք լավ ենք նայում Թուրքիայի հարավային սահմաններն ապահովելուն ուղղված ցանկացած համատեղ աշխատանքի:

ԱՄՆ-ն, չնայած Սիրիայի շրջանում մի շարք սխալների, մեր դաշնակիցն է: ՆԱՏՕ-ն էլ մեր գործընկերն է: Մենք չենք հրաժարվել ՆԱՏՕ-ի նորմերին համապատասխան պաշտպանական համակարգի մեր ծրագրից: Patriot-ի և ՆԱՏՕ-ի հետ համատեղելի այլ պաշտպանական համակարգերի [ձեռքբերմանը] ուղղված մեր աշխատանքները կշարունակվեն: Դրանք Ս-400-ներին այլընտրանք չեն», — հայտարարել է Թուրքիայի վարչապետը:

Բինալի Յըլդըրըմի խոսքում կարող ենք մի քանի «ուղերձ» առանձնացնել: Նախ թուրք գործիչը մեկ անգամ ևս շեշտել է, որ, չնայած ԱՄՆ և ՆԱՏՕ-ի դժգոհություններին, իրենք չեն պատրաստվում ռուսաստանյան ՀՕՊ համակարգերից հրաժարվել: Բինալի Յըլդըրըմը շեշտել է, որ իրենք Ս-400-ները ՆԱՏՕ-ի համակարգից «անկախ» կօգտագործեն: Մյուս կողմից Թուրքիայի վարչապետը նշել է, որ իրենք ցանկանում են և աշխատանքներ են տանում ամերիկյան համակարգեր գնելու ուղղությամբ:

Թուրքիայի վարչապետի մյուս ուղերձը ևս ուղղված է Վաշինգտոնին: Թուրք գործիչը պահը բաց չի թողել մեկ անգամ ևս նշելելու, որ իրենք «սխալ» են համարում Սիրիայում ԱՄՆ գործողությունները: Գաղտնիք չէ, որ Վաշինգտոնը ներկայում դաշնակցում է Սիրիայի քրդական ուժերի հետ, որոնց Թուրքիան համարում է ահաբեկչական ուժեր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *