ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան Իրաքում կնվազեցնի ցամաքային զորքերի թվաքանակը

«Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի դեմ Միացյալ Նահանգների գլխավորած կոալիցիան և դաշնակիցները Իրաքում կնվազեցնեն ցամաքային զորքերի թվաքանակը՝  պայմանավորված Իրաքի անվտանգության ուժերի արդյունավետության աճով: 

Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է միջազգային կոալիցիայի ներայացուցիչ, գնդապետ Ռայան Դիլոնը:

«Նրանք (Իրաքի ուժերը) օրեցօր ավելի լավն են դառնում: Եվ քանի որ նրանք ինքնուրույն գործողություններ իրականացնելու ներուժ են ցուցաբերում, կոալիցիայի կոնտինգենտը աստիճանաբար կնվազեցվի», – հայտնել է գնդապետը Բաղդադից:

2017-ի աշնանը Պենտագոնը հրապարակել էր բանակի և Ազգային գվարդիայի թվաքանակը, այդ թվում՝ այլ պետությունների տարածքում: 2017-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ Իրաքում Նահանգներն ունի 8892 զինծառայող, իսկ Աֆղանստանում՝ 15.298:

Նշենք, որ այս թվերով Իրաքում ամերիկյան զինուժի թվաքանակը անհամեմատ ավելի շատ է, քան նախկինում հայտարարում էին ԱՄՆ ՊՆ խոսնակները: Անգամ զեկույցի հրապարակվելուց հետո, Պենտագոնի խոսնակ գնդապետ Ռոբ Մեննինգը հայտարարել էր, որ Իրաքում ունեն 5000 զինծառայող:

ԱՄՆ-ն Սիրիայում և Իրաքում գլխավորում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի դեմ միջազգային կոալիցիան: Նահանգները հիմնականում իրականացնում է օդային գործողություններ, Սիրիայում ցամաքում դաշնակցում քուրդ-արաբական ուժերի, մի շարք ընդդիմադիր փոքր խմբավորումների հետ, իսկ Իրաքի տարածքում՝ կառավարական բանակի և քրդական Փեշմերգայի հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *