Ադրբեջանում ԱՄՆ վարձկանների գործունեությունը 2016-ին հետաքննության առիթ է դարձել. զեկույց

Ռազմական ծառայություններ մատուցող հայտնի բիզնեսմենը 2016 թվականին [ԱՄՆ] հետաքննության թիրախում է հայտնվել, քանի որ Ադրբեջանի հետ իր աշխատանքը հնարավոր է խախտած լիներ ամերիկյան օրենսդրությունը: Այս մասին հայտնի է դարձել Ջերեմի Սքեհիլի և Մեթյու Քոլի՝ The Intercept կայքում մարտի 19-ին հրապարակած զեկույցից։ Էրիկ Փրինսը, ով առավել հայտնի է որպես Blackwater [մասնավոր ռազմական] ընկերության հիմնադիր, աուդիտի է ենթարկվել իր իսկ Frontier Services Group (FSG) ընկերության կողմից:

2016-ի փետրվարին King & Spalding իրավաբանական ընկերության ներկայացուցիչ Քրիս Ռայը, ով ղեկավարում էր աուդիտը, «ԱՄՆ արդարադատության դեպարտամենտին տեղեկացրել է, որ Փրինսը հնարավոր է խախտել է ԱՄՆ օրենսդրությունը»: Հայտնի է, որ ԱՄՆ կառավարությունը սահմանափակում է զենքի վաճառքը կամ այլ տիպի ռազմական համագործակցությունը Ադրբեջանի հետ: Ի վերջո Ռայը նշանակվել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) ղեկավար, իսկ հետաքննության մեկ այլ մասնակից՝ Ռոբերթ Հուրը ներկայումս ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ավագ պաշտոնյա է:

Blackwater-ը հայտնի դարձավ Իրաք ամերիկյան ներխուժման ընթացքում: 2000-ականներին ընկերությունը Պենտագոնի հետ կնքեց պայմանագիր՝ Ադրբեջանի ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումը մարզելու համար: Ըստ ԱՄՆ պաշտոնյաների՝ ստորաբաժանումը պետք է պաշտպաներ Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքները, և ինչպես ԱՄՆ օրենսդրությունն է պահանջում, չպետք է «խաթարեր կամ խոչընդոտեր Հայաստանի և Ադրբեջանի միջև [հակամարտության] խաղաղ հանգուցալուծմանը ուղղված ընթացիկ ջանքերին, կամ օգտագործվեր Հայաստանի դեմ՝ հարձակողական նպատակներով»: Այուամենայնիվ՝ հայտնի է, որ Blackwater-ի մարզած խումբը Արցախում հայկական ուժերի դեմ 2016-ի ապրիլյան մարտերին կորցրել է իր ծառայողներից առնվազն մեկին:

Focus on Karabakh-ի ուսումնասիրությունը նաև հայտնաբերել է Ադրբեջանում վերջերս աշխատած մեկ այլ մասնավոր ռազմական ընկերություն՝ Special Solution, որի սեփականատերն է Յենս Շլեգելը (Jens Schlegel), ով մինչ 2015-ը եղել է Frontier Services Group-ի (FSG) տնօրենը: Ընկերությունը 2016-ի հունվարին իր կայքում  հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ գործարքի մասին, ըստ որի՝ նախատեսվում է Ադրբեջանի ԶՈւ հատուկ նշանակության ուժերին «մարզել և սովորեցնել հակահաբեկչական, հատուկ գործողությունների ու պարտիզանական գործողությունների նորագույն մարտավարություններ, զենքերի հետ վարվելու կարգը և տեխնիկան»: Հայտնի է, որ, 2016-ի ապրիլին հայկական դիրքերը գրոհելիս, Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերը մեծ կորուստներ են կրել: Սպանվածների մեջ կային նաև Ադրբեջանի ԶՈւ ավագ սպաներ, ովքեր պատրաստություն էին անցել Միացյալ Նահանգներում:

Հատուկ նշանակության այդ ստորաբաժանումներից որոշները գործել են նաև ռազմական հանցագործություններ, օրինակ՝ քաղաքացիականների մահապատիժներ, թե´ քաղաքացիականների, թե´ զինվորականների դիախեղումներ: ԱՄՆ օրենսդրությունը արգելում է աջակցել նման գործողություններ իրականացրած ստորաբաժանումներին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *