Մարտի 21-ին Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը այցելել է երկրի հարավարևելյան Հաքքարի նահանգի՝ Իրաքի հետ սահմանին տեղակայված ստորաբաժանումներ և զորամասեր: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:
Հուլուսի Աքարը մասնավորապես ստուգումներ է անցկացրել Հաքքարի նահանգի Շեմդինլի, Յուքսեքովա, Դերեջիք գավառների թուրքական ստորաբաժանումներում: Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետին ուղեկցել են նաև ցամաքային զորքերի հրամանատար Յաշար Գյուլերը, ռազմաօդային և ռազմածովային ուժերի հրամանտարներ Հասան Քյուչյուքաքյուզ և Ադնան Օզբալը և 2-րդ բանակի հրամանատար Մեթին Թեմելը:
Նշենք, որ վերջին շրջանում Թուրքիայի օդուժը ակտիվացրել է հարվածները Իրաքի հյուսիսում տեղակայված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) ճամբարների ուղղությամբ: Մարտի 16-ին թուրքական կողմը հայտնել է նաև Իրաքի հյուսիսում ցամաքային գործողություն իրականացնելու մասին:
Վերջին շրջանում Թուրքիայի իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ Աֆրինից հետո նոր ռազմագործողություն են սկսելու Իրաքի հյուսիսում: Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն մասնավորապես հայտարարել է, որ Թուրքիան Իրաքի հետ համատեղ ռազմական գործողություններ է սկսելու PKK-ի դեմ Իրաքում:
Թուրքիայի տարածքում PKK-ի դեմ գործողությունները նույնպես շարունակվում են: Թուրք-քրդական բախումները այդ երկրի արևելքում և հարավ-արևելքում վերսկսել են դեռևս 2015-ի ամռանից:
Ներկայում Թուրքիայի զինուժը և աջակից զինյալները շարունակում են Սիրիայի Աֆրին շրջանում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների»՝ YPG-ի դեմ գործողությունները: Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է PKK-ի «ճյուղավորում և նույնպես ահաբեկչական կառույցներ»: