Մարտի 8-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Ավստրիա այցի ընթացքում հայտարարել է, որ Թուրքիան Իրաքի հետ համատեղ ռազմական գործողություններ է սկսելու «Քրդստանի աշխատավորական կուսակցության»՝ PKK-ի դեմ Իրաքում: Փոխանցում են թուրքական «Հյուրիեթ» և «Բիրգյուն» պարբերականների կայքերը (1, 2):
Նա նաև նշել է, որ Իրաքում ամենայն հավանականությամբ գործողությունները կսկսվեն մայիսի 12-ին Իրաքում ընտրություններից հետո:
«Աֆրինի գործողությունը կավարտվի մինչև մայիս ամիս: Իրաքում էլ PKK-ի դեմ գործողություն է իրականացվելու, Իրաքի կառավարության հետ միասին ենք անելու: Եթե Աֆրինի գործողությունը մինչև այդ չավարտվի, զուգահեռ կիրականցնեն», — հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարարը:
Հիշեցնենք, որ մարտի 2-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը այցելել է Իրաք և հանդիպել այդ երկրի պաշտպանության նախարարին, ԶՈւ ԳՇ պետին: Հանդիպումների օրակարգում են եղել սահմանային անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի հարցեր:
Թուրքիայի օդուժը պարբերաբար ավիահարվածներ է հասցնում Իրաքի հյուսիսային շրջաներում PKK-ի դիրքերին, որտեղ տեղակայված են քրդական կառույցի հիմնական ճամբարները և բազաները:
Թուրքիայի զինուժի և նրանց աջակից զինյալների գործողությունները Սիրիայի քրդական ուժերի՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) դեմ սկսեն են դեռևս հունվարի 20-ից: Գործողությունների ընթացքին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ :
Թուրքիայի իշխանությունները մշտապես հայտարարում են, որ Սիրիայի քրդական ուժերը PKK-ի «սիրիական ճյուղն են» և այդ ուժերին դիտարկում են որպես «սպառնալիք Թուրքիայի անվտանգության համար»: