Մարտի 8-ին Թուրքիայի արևելյան Բիթլիս նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» PKK-ի դեմ գործողությունների ժամանակ, ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթել, արդյունքում սպանվել է 1 «գյուղական պահապան»: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ ինքնաշեն պայթուցիկ սարքը տեղադրել են PKK-ի զինյալները: Դեպքը մասնավորապես եղել է Օլեք գյուղի մոտակայքում: Թուրքիայի ժանդարմերիայի ստորաբաժանումները, նրանց կազմում նաև «գյուղական պահապանները» Բիթլիս նահանգում գործողություններ են իրականացնում:
Թուրք ուժայինների և PKK-ի զինյալների բախումները որոշակի դադարից հետո վերսկսել են 2015-ի ամռանից: Գործողություններին ներգրավված են թուրքական բանակը, ժանդարմերիան, ոստիկանության ուժերը:
Թուրքական կողմը գործողություններին ակտիվորեն ներգրավվում է նաև «գյուղական պահապաններին», որոնք հիմնականում քրդերից կազմված զինված ջոկատներ են և գործում են ժանդարմերիայի ենթակայության ներքո:
Փորձագետների գնահատականով՝ «Գյուղական պահապանների» քանակը մոտ 50-60 հազար է: 2016-ի հոկտեմբերի 29-ից սկսած «գյուղական պահապանների» ինստիտուտը անվանափոխվել է «անվտանգության պահապանների»:
Ներկայում Թուրքիայի ուժայինները քրդական ուժերի դեմ գործողություն են իրականացնում նաև Սիրիայի Աֆրին շրջանում: Թուրքական Սիրիայի քրդական «Ժողովրդական միություն կուսակցություն» (PYD) խմբավորումը և դրա ռազմական թև YPG-ն համարում է PKK-ի «սիրիական ճյուղ և ահաբեկչական կառույց»: Նշենք, որ թուրքական կողմը նույնիսկ «գյուղական պահապաններ» է ուղարկել Աֆրին քրդերի դեմ կռվելու: