Թուրքիայի և Իրաքի ԶՈւ ԳՇ պետերը քննարկել են սահմանային անվտանգության հարցեր

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը այցելել է Իրաք և հանդիպել այդ երկրի պաշտպանության նախարարին, ԶՈւ ԳՇ պետին: Հանդիպումների օրակարգում են եղել սահմանային անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի հարցեր: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետը այցելել է Իրաք. մարտ 2018թ.

Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետը այցելել է Իրաք. մարտ 2018թ.

Հուլուսի Աքարի հետ միասին Իրաք է այցելել նաև Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար Յաշար Գյուլերը:

Իրաքի ԶՈւ ԳՇ պետ Օսման Ղանիմիի հետ հանդիպումից հետո Աքարը հայտարարել է, որ կողմերը ցանկություն ունեն էլ ավելի զարգացնել ռազմական համագործակցությունը սահմանային անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի հարցերում: Աքարը, ըստ երևույթին, նկատի է ունեցել «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ պայքարը:

Ըստ թուրքական աղբյուրի՝ Ղանիմին հայտարարել է, որ կողմերը քննարկել են երկու երկրների միջև համատեղ կոմիտե ստեղծելու հարցը՝ սահմանային անվտանգության պահպանման, ռազմական փորձի և հետախուզական տվյալների փոխանցման ոլորտում համագործակցությունը էլ ավելի զարգացնելու համար:

2017-ի սեպտեմբերի 23-ին Իրաքի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օսման Ղանիմին այցելել էր Թուրքիա, հանդիպել թուրք գործընկերոջ Հուլուսի Աքարին: Այդ շրջանում կողմերը նաև համատեղ զորավարժություն էին իրականացնում թուրք-իրաքյան սահմանին՝ այն շրջաններում, որոնց դիմաց տեղակայված են Իրաքյան Քրդստանի վերահսկած տարածքները:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվե էր արվել: Իրաքն ու Թուրքիան դեմ են քրդերի անկախությանը և համատեղ զորավարժություն էլ բացահայտ ուժի ցուցադրում էր քրդերի նկատմամբ: Իրաքյան Քրդստանը սակայն հետագայում հայտարարեց, որ հետաձգում է հանրաքվեի արդյունքերը և նախագահական ընտրությունները:

Իրաքի հյուսիսային լեռնային տարածքում են գործում PKK-ի հիմնական ճամբարները և բազաները: Իրաքի հետ համաձայնության շրջանակներում Թուրքիայի օդուժը հաճախ է ավիահարվածներ հասցնում քուրդ զինյալների դիրքերին Իրաքի հյուսիսում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *