Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները և զինտեխնիկայի հերթական շարասյունը անցել են թուրք-սիրիական սահմանն ու ուղևորվել Սիրիայի Իդլիբ նահանգ: Թուրքիայի զինուժը սկսում է Իդլիբում նոր «դիտարկման կետի» ստեղծման աշխատանքները: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
«Դիտարկման կետերը» Թուրքիան ստեղծում է Աստանայում Սիրիայի հարցով Ռուսաստանի և Իրանի հետ համաձայնության շրջանակներում՝ Իդլիբի «ապաէսկալացման գոտու» տարածքում:
Թուրքիայի զինուժի շարասյունը տեղակայվել է Իդլիբի «ապաէսկալացման գոտու» հարավարևելքում և թուրք-սիրիական սահմանից մոտ 70 կմ հեռու գտնվող Մաարրեթ ալ-Նուման քաղաքին կից ալ-Սարման գյուղի տարածքում:
Ըստ թուրքական աղբյուրի՝ թուրքական նոր «դիտարկման կետից» ընդամենը 10 կմ հեռավորության վրա գտնվում են Սիրիայի կառավարական բանակի ստորաբաժանումները և նրանց աջակցող ուժերը:
الرتل العسكري التركي برفقة هيئة تحرير الشام يصل إلى منطقة الصرمان شرق معرة النعمان بريف إدلب ويبدأ بنشر آلياته تمهيداً لإنشاء نقطة مراقبة. pic.twitter.com/KX48qZPluS
— Hassan Ridha (@sayed_ridha) February 15, 2018
Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին Թուրքիայի զինված ուժերը ստորաբաժանումներ, ավտոշարասյուներ է ուղարկել Իդլիբ նահանգ՝ Հալեպից հարավ ընկած Ալ-Էիս բնակավայր՝ նոր «դիտարկման կետի» ստեղծման համար: Այդ վայրից ոչ շատ հեռու նույնպես գտնվում են կառավարական բանակի ստորաբաժանումները:
Թուրքիան Իդլիբում զինուժ տեղակայում է Աստանայում Ռուսաստանի և Իրանի հետ ձեռք բերված համաձայնությամբ: Սակայն եթե մինչ այս՝ 2017 թ. հոկտեմբերից, Անկարան սահմանափակվում էր միայն քրդերի վերահսկողության տակ գտնվող Աֆրինի հարավում զորքերի տեղակայմամբ, ապա այս դեպքում արդեն թուրքական ստորաբաժանումները բավականին խորանում են Իդլիբ նահանգում և դիրքավորվում է հենց Ասադի բանակի «քթի տակ»: