ՌԴ ԱԳՆ-ն հավանական է համարում, որ Սիրիայում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի և հիմնականում քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հարվածներից մահացած լինեն Ռուսաստանի 5 քաղաքացիներ (մեծ հավանականությամբ «Վագների» խմբից – Ռազնինֆո):
Այդ մասին փետրվարի 15-ին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան (1, 2): Նա, մասնավորապես հայտնել է՝
«Նախնական տվյալներով՝ զինված ընհարման արդյունքում, որի պատճառները պարզվում են, խոսք կարող է գնալ 5 մարդու մահվան մասին, ենթադրաբար՝ ՌԴ քաղաքացիների»:
Զախարովան շեշտել է, որ նրանք ՌԴ ԶՈւ զինծառայողներ չեն:
Հիշեցնենք, որ նախ փետրվարի 7-ին ԱՄՆ գլխավորած կոալիցիայից հայտնել էին մերձիշխանական ուժերի հարձակումը հետ մղելու և հարվածներ հասցնելու մասին, ապա փետրվարի 8-ին կոալիցիայի հանրային կապերի բաժնից մանրամասնել էին, որ Դեր Զորի մոտ կառավարամետ ուժերն օգտագործել են հրետանի և Տ-55, Տ-72 տանկեր:
Միջադեպից հետո տարբեր տեղեկություններ տարածվեցին, որ սպանվածների մեջ կան նաև Ռուսաստանի քաղաքացիներ՝ «Վագների» մասնավոր ռազմական ընկերության վարձկաններ: Տարբեր աղբյուրներում տարբեր թվեր էին ներկայացվում նաև սպանվածների թվի հետ կապված: Ամերիկյան կողմը խոսում էր «հարյուրավոր սպանվածներից»:
Սիրիական հակամարտության լուսաբանմամբ զբաղվող Conflict Intelligence Team-ին էլ սոցցանցերից հայտնի էր դարձել Սիրիայում այդ ժամանակ մահացած 3 ռուսաստանցու մասին, որոնք կապ ունենեին վարձկան խմբերի հետ և մեծ հավանականությամբ սպանվել էին հենց այդ միջադեպում: