Աբխազիայում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ ինժեներա-սակրավորական ստորաբաժանումը բարձրլեռնային «Ցաբալ» զորավարժարանում մարտավարական հատուկ զորավարժության շրջանակներում ոչնչացրել է պայմանական հակառակորդի զինամթերքի պահեստը: Այս մասին փետրվարի 14-ին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Զորավարժության սցենարի համաձայն՝ տարածքի հետախուզման ժամանակ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ զինծառայողները հայտնաբերել են զինամթերքի պահեստը: Այնուհետև սակրավորները մոտեցել են դրան և պատրաստվել պահեստի ոչնչացմանը:
Սակրավորները նաև իրականացրել են տարածքի զննում և հայտնաբերել են ականներ, որոնք այնուհետև հատուկ մեթոդներով պայթեցվել են և ճանապարհ հարթել զրահատեխնիկայի շարասյան անցման համար:
Ընդհանուր առմամբ, մարտավարական հատուկ զորավարժությանը մասնակցել է շուրջ 100 զինծառայող, ներգրավվել է 30 միավոր տեխնիկա, այդ թվում նաև «ԻՄՌ» ինժեներական արգելափակիչ մեքենաներ, «ՄՏՈւ-20» տանկային կամրջադիրներ: