Փետրվարի 7-ին Թուրքիայի խորհրդարանն արդեն տասներորդ անգամ երկարաձգել է Ադենի ծովածոցում Թուրքիայի զինուժի ռազմածովային ուժերի ստորաբաժանման տեղակայման ժամկետը: Թուրքական ուժերն այնտեղ կլինեն առնվազն մինչև 2019 թ. փետրվարի 10-ը՝ սպասելով հաջորդ երկարաձգմանը: Տեղեկությունը փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի խորհրդարանն այսպիսով զինուժին իրավունք է տվել առնվազն ևս մեկ տարի մնալ ինչպես Ադենի ծովածոցում, այնպես էլ՝ Սոմալիում և Արաբական ծովում:
Առաջին անգամ թուրքական խորհրդարանն այս հատվածներում իրենց զինուժի ստորաբաժանումների տեղակայման նախաձեռնությանը հավանություն է տվել 2008 թվականին: Այսպիսով թուրքական ռազմանավերը վերահսկում են այն կետերը, որտեղով աշխարհի մասշտաբերով նավթի ամենախոշոր պաշարներն են անցնում: Նախաձեռնության հիմնավորումը առևտրային նավերի անվտանգության ապահովումն ու ծովահենների դեմ պայքարն է:
Սա, սակայն, թուրքական զինուժին, ինչպես նաև նույն նպատակով նույն վայրերում ռազմածովային ուժեր պահող մյուս պետություններին իրավունք չի տալիս ներգրավվել Սոմալիում ցամաքային գործողություններին:
Սական Թուրքիան 2017 թվականից նաև ցամաքային ստորաբաժանումներ ունի Սոմալիում: Ըստ առկա պաշտոնական տվյալների՝ թուրքական ուժերը զբաղվում են Սոմալիի զինված ուժերի մարզումներով՝ տեղակայված լինելով այդ երկրի մայրաքաղաք Մոգադիշոյում: