Թուրքիայի և ԱՄՆ պաշտպանության նախարարները քննարկելու են Սիրիայի Մանբիջի հարցը

ԱՄՆ պաշտպանության նախարար Ջիմ Մետտիսը փետրվարի 8-ին բրիֆինգի ժամանակ հայտարարել է, որ առաջիկա շաբաթ Բրյուսելում հանդիպելու է Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլիին: Հանդիպման օրակարգում լինելու է Սիրիայի հարցը, այդ թվում նաև Մանբիջը: Փոխանցում է ԱՄՆ Պենտագոնի կայքը:

«Մանբիջի հարցում Թուրքիայի ճնշումների տեսանկյունից որևէ փոփոխություն չկա: Անկարայի հայտարարությունների հետ կապված մի շարք մտահոգություններ ունենք, սակայն հիմնական թիրախը «Իսլամական պետության» դեմ պայքարն ու այն շարունակելն է», — հայտարարել է Մետտիսը:

ԱՄՆ պաշտպանության նախարարը նշել է, որ իրենք շարունակում են աշխատել Թուրքիայի հետ մի շարք անվտանգային հարցերում:

Ամերիկյան զրահամեքենաները Մանբիջից հյուսիս ընկած Յալանլը գյուղի մոտ: 3/5/2017. լուսանկարը՝ AFP-ի

Ամերիկյան զրահամեքենաները Մանբիջից հյուսիս ընկած Յալանլը գյուղի մոտ: 3/5/2017. լուսանկարը՝ AFP-ի

Առաջիկա շաբաթ սպասվում է նաև ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի այց Թուրքիա, Հորդանան, Լիբանան, Եգիպտոս, Քուվեյթ:

Նշենք, որ թուրքական իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ  Աֆրինի գործողության ավարտից հետո շարժվելու են Մանբիջի ուղղությամբ, որտեղ բացի քրդական ուժերից կան նաև ամերիկացի զինծառայողներ:

Թուրքիայի փոխվարչապետը սպառնացել էր, որ եթե քրդական ուժերը Մանբիջից դուրս չգան, Թուրքիայի զինուժը գործողություն է սկսելու նաև այնտեղ և անհրաժեշտության դեպքում գործողությունը կուղղվի նաև ամերիկացի զինծառայողների դեմ:

Իսկ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հորդորել էր սահմանափակել Թուրքիայի ռազմագործողությունը և խուսափել քայլերից, որոնք կարող են բերել ամերիկյան ու թուրքական ուժերի միջև բախումների:

Նշենք, որ Միացյալ Նահանգների աջակցությունը Սիրիայի քրդական ուժերին էլ ավելի է սրել թուրք-ամերիկյան հարաբերություններում: Թուրքիայի իշխանությունները մշտապես մեղադրում են ԱՄՆ-ին «ահաբեկիչներին աջակցելու», Թուրքիայի փոխարեն քրդական ուժերին նախապատվություն տալու համար:

Թուրքիայի զինուժը և աջակցող զինյալները Աֆրինում գործողություն է սկսել Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) և դրա ռազմական թև «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) դեմ հունվարի 20-ից: Թուրքիան քրդական ուժերին համարվում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) սիրիական ճյուղավորում:

Աֆրին գործողության մասին ավելի մանրամասն՝ այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *