ՀԱՊԿ-ը ոստիկանական մշտական պատրաստության հատուկ ստորաբաժանում է կազմավորում և չի բացառում ռազմական ներուժի օգտագործումը: Ստորաբաժանումը կարող է ներգրավվել նաև ՄԱԿ-ի առաքելություններին: Այս մասին, «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ, լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
ՀՀ ՊՆ-ն ռազմական ոստիկանության կենտրոնական ապարատում 2018-ի հունվարի 6-ից ստեղծվել է նոր ստորաբաժանում՝ խաղաղապահ դասակ, որը ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի կազմում կմասնակցի խաղաղապահ առաքելություններին: Դասակը համալրելու նպատակով մրցույց է հայտարարվել:
«Մենք չենք բացառում, որ մեր պոտենցիալը կարող է ներգրավվել ՄԱԿ-ի առաքելություններում, այդ թվում նաև ռազմական կոնտինգենտում: Դրա համար էլ մենք, ՄԱԿ-ի ստանդարտները և պահանջները հաշվի առնելով, արդեն մի քանի տարի է պատրաստում ենք մեր խաղաղապահներին:
2017-ին մենք ՄԱԿ-ի առաջարկությամբ լծվեցինք ոստիկանական մշտական պատրաստության հատուկ ստորաբաժանում ստեղծելու գործին: Ես կարծում եմ, որ 2018-ին կընդունվեն համապատասխան որոշումներ, ողջ նախապատրաստական աշխատանքն արված է: Մնում է միայն համապատասխան նորմատիվ փաստաթուղթ ընդունել», – նշել է Սեմերիկովը:
Այս մասին Սեմերիկովը հայտնել էր նաև դեռևս 2017-ի ամռանը. «Ստորաբաժանման անձնակազմի անդամները կհավաքվեն անդամ բոլոր պետությունների իրավապահ մարմիններից: Բոլոր երկրներն արդեն տվել են իրենց համաձայնությունը»:
Մինչ այդ՝ 2017-ի գարնանը, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն էր հայտարարել, որ կազմակերպությունը բանակցում է 3-րդ երկրների տարածքում ՄԱԿ խաղաղապահ առաքելություններին մասնակցելու մանդատի ձևակերպման համար:
Իսկ շատ ավելի վաղ՝ 2016-ի ամռանը, Սեմերիկովը նույնպես հայտնել էր, որ ՀԱՊԿ մասնագետները անդամ պետությունների ներկայացուցիչների, ինչպես նաև ՄԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների ներգրավմամբ աշխատում են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ոստիկանական զորախումբ ստեղծելու ուղղությամբ: Սեմերիկովը տեղեկացրել էր, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերն ունեն 3500 հոգանոց անձնակազմ, որից 800-ը՝ ոստիկանական:
ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը ստեղծվել են ՀԱՊԿ պետությունների՝ 2007-ին կնքած համաձայնագրի հիման վրա: ՀԱՊԿ կազմում գործում են նաև օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը, որոնք ՀԱՊԿ տարածքից դուրս կիրառվելու մանդատ չունեն:
Նշենք, որ ՀՀ ԶՈւ խաղաղապահները, ՀԱՊԿ-ից անկախ, մասնակցում են ինչպես ՄԱԿ մանդատով, այնպես էլ ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող խաղաղապահ գործողություններին:
2017-ի սեպտեմբերին ՌԴ ԶՈւ ռազմական ոստիկանները շրջափակման մեջ էին առնվել «Ջաբաթ ալ Նուսրա» ահաբեկչական խմբավորման կողմից և մի քանի ժամ մարտ մղել: