Ապօրինի սահմանահատումների, ինչպես նաև միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անդամների կողմից Հայաստան ներթափանցելու կամ ՀՀ տարածքը որպես տարանցիկ ճանապարհ օգտագործելու հնարավոր դեպքերի դեմ մղվող հետևողական պայքարի արդյունքում հարուցվել է 45 քրեական գործ: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԱ ԱԱԾ կայքը:
2017-ին քրեական գործերով 47 անձ (22-ը ՀՀ,, իսկ 25-ը՝ օտարերկրյա քաղաքացիներ) ներգրավվել է որպես մեղադրյալ։ Նրանցից 40-ի վերաբերյալ 21 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 7 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Ապօրինի սահմանահատումների բոլոր դեպքերով ԱԱԾ-ն համագործակցել է օտարերկրյա իրավասու մարմինների հետ։
«Կատարված վերլուծությունների հիման վրա միջնորդագրեր և գրավոր առաջարկություններ են ներկայացվել իրավասու մարմիններ, արդյունքում՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի, ՀՀ-ում՝ ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության և ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հետ համագործակցելով՝ գործուն միջոցներ են ձեռնարկվել ի հայտ բերված թերացումները վերացնելու և նմանատիպ դեպքերը բացառելու ուղղությամբ», – նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերին ՀՀ ուժայինները կանխել էին օտարերկրյա քաղաքացու մուտքը Հայաստան, ով կասկածվում է «Իսլամական պետություն» միջազգային ահաբեկչական կառույցի հետ կապ ունենալու մեջ: