Սիրիայում «Ձիթենու ճյուղ» գործողության ավարտից հետո Թուրքիան սկսելու է նաև գործողություններ քրդական ուժերի դեմ Մանբիջում: Այնուհետև գործողության մասշտաբները կարող են ընդլայնվել մինչև Իրաքի հետ սահման: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
««Ձիթենու ճյուղ» գործողությունը շարունակելու ենք այնքան ժամանակ, մինչև մեր նպատակներին հասնենք: Այնուհետև Մանբիջը, ինչպես որ խոսք ենք տվել, «ահաբեկիչներից կմաքրենք»: Այնուհետև մինչև Իրաքի հետ սահման, մինչև վերջին «ահաբեկիչը» այս պայքարը կշարունակենք», — հայտարարել է Էրդողանը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հունվարի 25-ին հայտարարել է, որ Թուրքիան իրավունք ունի ինքնապաշտպանության, բայց կարևոր է, որ Թուրքիայի գործողությունները լինեն «չափավորված»:
Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցում, ըստ Սպիտակ Տան կայքի հաղորդագրության, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հորդորել էր սահմանափակել Թուրքիայի ռազմագործողությունը և խուսափել քայլերից, որոնք կարող են բերել ամերիկյան ու թուրքական ուժերի միջև բախումների:
Թուրքիան պաշտոնապես հունվարի 20-ից ռազմագործողություն է սկսել Սիրիայի Աֆրին շրջանում տեղակայված քրդական ուժերի դեմ: Գործողությանը զուգահեռ Թուրքիայում ձերբակալվել են տասնյակ մարդիկ, ովքեր մեղադրվում են «ահաբեկչական քարոզչություն իրականացնելու համար»: