ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիան ամփոփել է 2017-ը

Հունվարի 26-ին անցկացված պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստի ընթացքում ամփոփվել են 2017 թվականի արդյունքներն ու նախանշվել ընթացիկ տարվա հիմնական անելիքները: Նիստին մասնակցել են նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Նիստի ընթացքում 2017 ուսումնական տարվա մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության արդյունքների և առաջիկա անելիքների վերաբերյալ հիմնական հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։

Զեկույցում նշվել է, որ անցած ուսումնական տարվա շրջանակում պլանային կարգով շարունակվել են զորքերի պատրաստության, զինվորական կարգապահության չափորոշիչների, ուսումնամարտական խնդիրների կատարման արդյունավետության առավել բարձրացմանը, մարտական հերթապահության կրման պայմանների և ամրաշինական կառույցների կատարելագործմանն ուղղված աշխատանքները:

Զեկույցներով հանդես են եկել նաև պաշտպանության նախարարի տեղակալները, ովքեր, ըստ համապատասխան ուղղությունների, ներկայացրել են 2017 թվականի ընթացքում իրականացված միջոցառումներն ու առաջիկա աշխատանքային ուղղությունները:

Անդրադառնալով սոցիալական ծրագրերին՝ նախարարը նշել է, որ լուծվել է նաև զոհված և առաջին կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների անօթևան ընտանիքների բնակավորման հարցը:

Վիգեն Սարգսյանը խոսել է նաև առաջիկայում մեկնարկող նոր ծրագրի մասին, որը ենթադրում է բնակարանների ձեռքբերման հնարավորություն զինծառայողների համար՝ հիպոթեքային վարկավորման աննախադեպ պայմաններով: Ծրագիրը շուտով կներկայացվի ՀՀ կառավարություն:

Ըստ պաշտպանական գերատեսչության ղեկավարի՝ առաջիկայում կվերակառուցվի և կվերազինվի նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը:

Նախարար Սարգսյանը նիստի մասնակիցներին նաև տեղեկացրել է, որ բանակի արդիականացման յոթնամյա ծրագիրն արդեն պատրաստ է և ներկայացվել է երկրի ղեկավարին: Այն նախատեսում է զինված ուժերը հասցնել նոր ու բացառիկ մակարդակի:

Կոլեգիայի նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը պատվոդրոշներ է հանձնել լավագույն զորամիավորումների, զորամասերի ու ստորաբաժանումների հրամանատարներին: Գերատեսչական մեդալներով ու խորհրդանշական նվերներով պարգևատրվել են նաև բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք սպաներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *