Թուրքիան Սիրիայի Ազազ շրջանից իր տարածքով դեպի Հաթայ նահանգ է տեղափոխում «Ազատ Սիրիայի բանակի»՝ իրեն հավատարիմ զինյալների խմբեր: Զինյալները տեղակայվում են Սիրիայի Աֆրին շրջանի դիմաց, որը ներկայում քրդերի վերահսկողության տակ է: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադլու» լրատվական գործակալությունը:
Սրան զուգահեռ արդեն իսկ տեղեկություններ են շրջանառվում, որ Թուրքիան ռազմական գործողություններ է սկսել Աֆրինում քրդական ուժերի դեմ: Մինչ այժմ հաստատված միակ տեղեկությունն այն է, որ թուրքական զինուժը բավականին ինտենսիվորեն հրետակոծում է Աֆրինի որոշ հատվածներ:
Համացանցում հայտնված մեկ այլ տեղեկության համաձայն՝ Աֆրինում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ ուժերը հեռանում են դեպի Հալպի ուղղությամբ Սիրիայի բանակի դիրքեր: Այդ տեղեկությունը տարածել է նաև թուրքական «Անադոլուն»:
Սակայն ռուսաստանցի հայտնի լրագրող, այդ թվում նաև սիրիական հակամարտությամբ հետաքրքրվող Կիրիլ Ռոմանովսկին գրում է, որ իր ստացած տեղեկությունների համաձայն, ռուսասկան զինուժը չի լքել Աֆրինը:
Пришла еще информация из источника в Африне. Судя по всему, "вывод" наших сил из кантона так и не произошел. За таковой …
Posted by Kirill Romanovskiy on Friday, January 19, 2018
Առայժմ այս մասով հստակություն չկա, չկան նաև պաշտոնական մեկնաբանություններ: Տեղեկատվական հոսքը զուգորդվում է այն փաստի հետ, որ հունվարի 18-19-ին Ռուսաստան էին մեկնել Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետը և հետախուզական կազմակերպության ղեկավարը, հանդիպել ՌԴ ԶՈւ ԳՇ պետի հետ ու քննարկել Սիրիան:
Տեսանյութում՝ Թուրքիան հերտակոծում է Աֆրինը: Կիրառվում են տեղական Տ-155 «Ֆըրթընա» ինքնագնաց հրետանային համակարգեր: