Հունվարի 18-ին Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Հուլուսի Աքարը և ազգային հետախուզական կազմակերպության գլխավոր քարտուղար Հաքան Ֆիդանը հանդիպել են ՌԴ ԶՈւ ԳՇ պետ Վալերի Գերասիմովին: Կողմերը քննարկել են Սիրիայում ներկա իրավիճակին, «ապաէսկալացման գոտիներին» և հրադադարի պահպանմանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Կողմերը նաև քննարկել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև ռազմական համագործակցությունը խորացնելու և տարածաշրջանային անվտանգության վերաբերող հարցեր:
Նույն օրը Հուլուսի Աքարն ու Հաքան Ֆիդանը հանդիպել են նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին: Հանդիպման օրակարգում հիմնականում եղել է սիրիական հարցը:
Հիշեցնենք, որ Գերասիմովը և Աքարը վերջին անգամ Սիրիայի հարցով հանդիպել էին 2017 թ. նոյեմբերին՝ Սոչիում: Այդ ժամանակ հանդիպմանը մասնակցել էր նաև Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը:
Կողմերը քննարկել էին Սիրիայում «ապաէսկալացման գոտիների» ամրապնդումը: Հենց այդ համաձայնության շրջանակներում է Թուրքիան զինուժ է տեղակայել Սիրիայի Իդլիբ նահանգում:
Միևնույն ժամանակ, վերջին շրջանում թուրքական կողմը պարբերաբար հայտարարում է Սիրիայի քրդական ուժերի դեմ գործողություններ իրականացնելու մասին և մեծ թվով զինտեխնիկա և զորքեր է կուտակում թուրք-սիրիական սահմանին՝ մասնավորապես Աֆրին շրջանին հարակից հատվածներում:
Սակայն թուրքական կողմը, ըստ երևույթին, նոր գործողություններ սկսելու համար պետք է համաձայնեցնի դա մյուս կողմերի՝ մասնավորապես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Իրանի հետ: Ուստի չի բացառվում, որ հանդիպումների օրակարգում եղել է նաև Աֆրինում գործողություն սկելու հարցը: