ՄԱԿ-ում հաստատել են` Իրանը հութիներին զենք է մատակարարում. ԶԼՄ

ՄԱԿ-ի փորձագետները ուսումնասիրել են Սաուդյան Արաբիայի դեմ Եմենի հութիների օգտագործած հրթիռների, անօդաչու թռչող սարքերի և այլ զինտեխնիկայի մնացորդները և պարզել, որ դրանք իրանական արտադրության են։ Այս մասին հայտնել է «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի զեկույցի։ Հունվարի 12-ին փոխանցում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Այս կերպ ՄԱԿ-ի փորձագետները եկել են այն եզրահանգմանը, որ Իրանը խախտելով ՄԱԿ ԱԽ 2216 բանաձևը, զենք է մատակարարել հութիներին։ Ըստ գործակալության՝ ՄԱԿ-ում դեռևս չեն պարզել, թե ով է կազմակերպել մատակարարումները։

Սաուդյան Արաբիային հութիների հարվածած հրթիռի մնացորդ

Սաուդյան Արաբիային հութիների հարվածած հրթիռի մնացորդ

Ավելի վաղ՝ 2017-ի դեկտեմբերին, Նիքի Հեյլին Վաշինգտոնում ներկայացրել էր նոյեմբերի 4-ին  Էր Ռիադի ուղղությամբ հութիների արձակած բալիստիկ հրթիռի մնացորդները։ Ըստ Հեյլիի՝ ամերիկացի փորձագետները եկել են այն եզրահանգմանը, որ այդ հրթիռը արտադրվել է Իրանում։

Հեյլիի խոսքերով՝ հրթիռն ունի կառուցվածքային այնպիսի առանձնահատկություններ, որոնք բնորոշ են միայն իրանական «Ղիամ 1-ին», ըստ այդմ ստացվում է, որ Իրանը խախտում է ՄԱԿ ԱԽ 2231 և 2216 բանաձևերը (արգելում է հութիներին զենք մատակարարել — խմբ.՝ Razm.info-ի) և անօրինական կերպով զենք է մատակարարել հութիներին։

Իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին ի պատասխան՝ Իրանը հայտարարեց, որ կբողոքի ՄԱԿ-ին և ուսումնասիրության նպատակով կպահանջի իրեն տրամադրել այդ հրթիռի մնացորդները։

Նիքի Հեյլիի ելույթից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել էր, որ ՄԱԿ-ի մասնագետները ուսումնասիրում են՝ ինչքանով են հավաստի այն տեղեկությունները, որ Իրանը հութիներին բալիստիկ հրթիռներ է մատակարարում։

Նկատենք, որ Իրանին մշտապես մեղադրում են Եմենի ապստամբ հութիներին զինելու մեջ, սակայն Իրանը միշտ հերքում է այդ մեղադրանքները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *