ԱՄՆ-ն Սիրիայում քրդերից և արաբներից 30 հազարանոց «սահմանային ուժեր» է ստեղծում

Միացյալ Նահանգները Սիրիայում քրդերից և արաբներից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) կազմից 30 հազարանոց սահմանային զորքեր կստեղծի: առաջին քայլ արդեն արված է. սկզբնական փուլում պատրաստվել է 230 զինծառայող: Այս մասին France-Presse գործակալությանը հայտնել է Սիրիայում և Իրաքում ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի խոսնակ, գնդապետ Ռայան Դիլոնը:

Հիմնականում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներից» (YPG) կազմված ուժերը կտեղակայվեն Սիրիայի հյուսիսում, այն է՝ Թուրքիայի հետ սահմանին: Բնականաբար սա չէր կարող չառաջացնել Թուրքիայի խիստ դժգոհությունը:

Թուրքիայի արտգործնախարարությունն արդեն իսկ քննադատել է ԱՄՆ այս քայլը՝ այն անվանելով «սխալ մոտեցում»:

Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ Միացյալ Նահանգները (Պենտագոնը և ԿՀՎ-ն համատեղ) միայն վերջերս Սիրիայի քրդերի 400-հոգանոց անձնակազմ են մարզել: Նշվում էր, որ այս գործընթացը շարունակական է, իսկ քրդական ուժերի հիմնական պարտականությունը պետք է լինի «սահմանային պաշտպանությունը»:

Չնայած Թուրքիայի պարբերական բողոքներին՝ ԱՄՆ-ն չի դադարում համագործակցել Սիրիայի քրդերի հետ, քանի որ հիմնականում հենց այս կառույցի շնորհիվ է պահպանում իր ակտիվ ներկայությունը Սիրիայում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *