Դիպուկահարների պահանջարկն ավելանում է

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը հաղորդում է, որ ռուսական ցամաքային զորքերի համազորային ստորաբաժանումները համալրվել են դիպուկահարներով: «Ամեն մի տանկային և հրաձգային բրիգադում ավելացված է դիպուկահարների մեկական վաշտ` սպառազինված համապատասխան հրաձգային զենքով»,- ասել է ՌԴ ցամաքային զորքերի ներկայացուցիչ Սերգեյ Վլասովը:

Այս կառուցվածքային փոփոխությամբ նախատեսվում է ստեղծել դիպուկահարների ընտրության և պատրաստության համակարգ, որոնք մարտական առաջադրանքներ են կատարելու ինչպես առանձին միավորներով, այնպես էլ` ստորաբաժանման կազմում: «Բոլոր դիպուկահարները ռազմական պատրաստություն են անցնելու հատուկ ռազմաուսումնական կենտրոններում, ընդ որում 3-4 տարին մեկ անգամ նրանք վերապատրաստվելու են»,- ասել է ՌԴ ԶՈՒ ներկայացուցիչը:

Այս նորամուծությանն անդրադարձել է նաև ՌԴ ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Պոստնիկովը, նշելով, որ «զորքերի զարգացման ներկա փուլում և ահաբեկչության դեմ պայքարում էապես մեծացել է դիպուկահարների դերն ու նշանակությունը»:

Դիպուկահարները գործելու են երկուական մարդուց բաղկացած խմբերով և ունենալու են հատուկ սպառազինություն. դյուրակիր էլեկտրոնային և լազերային սարքավորումներ, հեռադիտակ, իսկ հիմնական զինատեսակն է 7.62մմ տրամաչափի ՍՎԴ (СВД – Снайперская винтовка Драгунова) և 9մմ տրամաչափի ՎՍՍ անձայն հրացաններ (ВСС ” винтовка снайперская специальная):

Ուշագրավ է, որ դիպուկահարների դերը սկսել են կարևորել աշխարհի բազմաթիվ երկրներում: Այս մասին վերջերս հայտարարել են Իրանը և Ադրբեջանը: Իրանական որոշ լրատվամիջոցներ վերջերս տեղեկություն էին տարածել, թե Իրանը պատրաստ է  դիպուկահարների հատուկ խմբեր ուղարկել Սիրիա` ապստամբերի դեմ պայքարելու համար:

Ինչ վերաբերում է, այսպես կոչված, կառուցվածքային նորամուծությանը և դիպուկահարների ստորաբաժանումների ստեղծմանը, ապա հիշեցնենք, որ ժամանակին ԽՍՀՄ բանակի յուրաքանչյուր ջոկում հաստիքով նախատեսվում էր մեկ հրաձիգ, որը զինված էր ՍՎԴ հրացանով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *