Արդյոք սա կարելի՞ է հրադադար անվանել

Հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում 2011թ. սեպտեմբերի 1–30-ը Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է ավելի քան 1450 անգամ: Ի դեպ 1450 խախտումներն ուղղվել են ոչ միայն ԼՂՀ, այլև ՀՀ։ Մասնավորապես, Հայաստանի Հանրապետության սահմանին գրանցվել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման ավելի քան 250 դեպք: ԼՂՀ պաշտպանության բանակից ստացված տվյալների համաձայն` նշյալ ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 1200 անգամ:
Հրադադարի խախտումների ժամանակ ադրբեջանական կողմը կրակել է տարբեր զինատեսակներից, այդ թվում` դիպուկահար զինատեսակներից ավելի քան 300 անգամ:
Թվերն առավել քան խոսուն են։ Եթե կոպիտ հաշվարկ կատարենք՝ պարզ կդառնա, որ մեկ ամսում «հրադադարի ռեժիմը» խախտվել է օրական ավելի քան 48 անգամ, որը մեկ ժամում ներառում է երկու խախտում։ Իսկ դիպուկահարներն իրենց «հմտությունները» ցուցադրել են օրական տասն անգամ։

Ստացվում է, որ Ադրբեջանը հանդես է գալիս ոչ թե «հրադադարի ռեժիմը» պահպանող կողմ, այլ հստակ կերպով սադրիչ քայլերի է գնում՝ քաջ գիտակցելով, որ ՀՀ-ն և ԼՂՀ-ն ամեն գնով կզսպեն Ադրբեջանի ռազմատենչ գործողությունները։ Իսկ ՊՆ-ն և ՊԲ-ն հայտարարում են. «Հայկական զինված ուժերը խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների են դիմում ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը հակառակորդի հետ շփման գծում»:

Խոսուն թվերից հետո պարզ է դառնում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ծավալվող գործողությունները ոչ թե «հրադադարի խախտումներ» են, այլ կանոնավոր պատերազմական գործողություններ, որոնք ծավալվում են ոչ թե պատերազմի դաշտում, այլ սահմանագծերին։ Իսկ սահմանագիծը երբեմն հատվում է, որի նպատակը հակառակորդին սեփական զգոնությունը և արժանի հակահարված հասցնելը ցուցադրելն է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *