Ռուսաստանն արդիականացնում է Տ-72 տանկերը

ՌԴ պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը հոկտեմբերի 7-ին հայտարարել է, որ իրենք նախատեսում են ձևափոխել և արդիականացնել զինված ուժերում առկա Տ-72 տանկերը: Այս մասին հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: «Մեր նպատակն է Տ-72-ը հասցնել Տ-90-ի մակարդակին, իսկ հնարավորության դեպքում` ավելի բարձր»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարը: Սերդյուկովը հայտնել է, որ մեկ տանկի արդիականացման արժեքը կազմում է մոտավորապես 38 մլն ռուբլի, ինչը բավականին մեծ գումար է: Սակայն, ամենայն հավանականությամբ, մասնագետների հաշվարկով ավելի ձեռնտու է, քան նոր տանկերի արտադրությունը:

ՌԴ պաշտպանության նախարարությունը դրանով չի բավարարվելու և շարունակելու է սպառազինության արդիականացման և նոր զինատեսակների արտադրության գործընթացը: Ըստ Ա. Սերդյուկովի` Ռուսաստանը նախատեսում է կառուցել զենիթային C-400 համակարգերի երկու գործարան, և հույս է հայտնել, որ մինչև 2015թ. բանակը կհամալրվի առաջին նմուշներով:

Ուշադրության կենտրոնում է նաև անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրությունն ու գնումը: ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր գոհունակությունն է հայտնել իսրայելական արտադրության ԱԹՍ-երի որակից և հայտնել, որ զուգահեռաբար ուսումնասիրվում են նաև իտալական արտադրության սարքերը: Միաժամանակ, ռուս մասնագետները մշակում են ԱԹՍ-երի տեղական արտադրության նմուշներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *