Սիրիան պահանջում է թուրքական և ամերիկյան զորքերը դուրս բերել իր երկրի տարածքից

Աստանայում բանակցությունների ժամանակ Սիրիայի կառավարության պատվիրակության ղեկավար Բաշար Ջաֆարին հայտարարել է, որ պաշտոնական Դամասկոսը պահանջում է դուրս բերել իր երկրի տարածքից թուրքական և ամերիկյան զորքերը: Հայտարարությունը փոխանցում է սիրիական պետական «ՍԱՆԱ» գործակալությունը:

Թուրքական զինտեխնիկա Սիրիայում. (արխիվ)

Թուրքական զինտեխնիկա Սիրիայում. (արխիվ)

Սիրիայի կառավարության ներկայացուցիչը կրկին ընդգծել է, որ Սիրիան թուրքական զորքերի ներկայությունը ագրեսիա է համարում:

«Սիրիայի և Թուրքիայի միջև չկա ոչ մի երկխոսություն, քանի որ այդ երկիրը աջակցում է ահաբեկչությանը Սիրիայում և բացում է սահմանները ահաբեկիչների համար», — հայտարարել է Ջաֆարին:

Ջաֆարին միևույն ժամանակ նշել է, որ ամերիկյան զորքերի ներկայությունը համաձայնեցված չի սիրիական իշխանությունների հետ, ուստի նրանց ներկայությունը ևս անօրինական է և խախտում է Սիրիայի ինքնիշխանությունը:

Ըստ ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Ջաֆարին նշել է, որ թուրքական և ամերիկյան զորքերի վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնել են նաև Իրանին և Ռուսաստանին:

Նշենք, որ դեկտեմբերի 21-22-ին Աստանայում անցկացվել են սիրիական հարցով բանակցությունների 8-րդ փուլը: Բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնության են եկել Սոչիում 2018-ի հունվարի 29-30-ին Սիրիայի հարցով ազգային երկխոսության կոնգրես հրավիրելու համար:

Միևնույն ժամանակ բանակցությունների երաշխավոր երկրները՝ Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը, համատեղ փաստաթուղթ են ընդունել Սիրիայի ականազերծման աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև գերիների փոխանակման և անհայտ կորածներին հայտնաբերելու համար աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ:

Աստանայում բանակցությունների հերթական փուլը անցկացվելու է 2018-ի փետրվարի երկրորդ կեսին:

Նշենք, որ Աստանայում նախորդ բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնության են եկել Սիրիայում հրադադարի պահպանման դիտորդական խմբի և 4 «ապաէսկալացման գոտի» ստեղծելու վերաբերյալ: Այդ գոտիներում դիտորդներ են տեղեկայելու Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը:

Թուրքիան արդեն իսկ զորքեր է տեղակայել «ապաէսկալացման գոտիներից» Իդլիբ նահանգում: Այդ նահանգի սահմաններին պետք է տեղակայվեն նաև ռուսաստանյան և իրանական զորքեր: Սակայն Սիրիան դեմ է թուրքական զորքերի ներխուժմանը իր տարածք: Բացի Իդլիբից, Թուրքիան զորքեր ունի նաև Սիրիայի Ազեզից Ջերաբլուս ընկած հատվածում, որը գրավել է «Եփրատի վահան» գործողության ընթացքում:

Ամերիկյան զորքերը Սիրիայում հիմնականում աջակցում են արաբա-քրդական ուժերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորմանը:

Նշենք, որ ամերիկյան կողմը հայտարարել է, որ Սիրիայից արդեն հանում են մեկ հրետանային նավ և ԱՄՆ բանակի ծովային հետևակի 400 զինծառայող: Պենտագոնի տվյալներով՝ Սիրիայում 2017 թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ կար ԱՄՆ 1720 զինծառայող:

Իրավիճակը սիրիայում 2017 թ. հոկտեմբերին, ըստ թուրքական աղբյուրների

Իրավիճակը սիրիայում 2017 թ. հոկտեմբերին, ըստ թուրքական աղբյուրների

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *