Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հայտարարել է, որ THALES և MBDA ընկերությունների ՀՕՊ միջոցները արդեն Վրաստանում են: Նախարարը, սակայն, չի նշել, թե կոնկրետ ինչ ՀՕՊ միջոցների մասին է խոսքը: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Վրաստանի խորհրդարանում պաշտպանության հանձնաժողովի նիստում իր ելույթի ժամանակ Իզորիան ուշադրություն է հրավիրել հակաօդային պաշտպանության վրա և հայտարարել, որ 2017-ի ընթացքում նա Ֆրանսիայում ծանոթացել է THALES և MBDA ընկերությունների արտադրած միջոցներին:
«Մենք ձեռք ենք բերել այդ միջոցները, դրանք արդեն Վրաստանում են: Ելնելով սրանից՝ մենք առաջին փուլում անելու ենք ամեն ինչ, որ մեր օդային տարածքը լինի ավելի պաշտպանված, և պատրաստ ենք շարունակել երկրորդ փուլը մեր ֆրանսիացի գործընկերների հետ»,—հայտնել է Իզորիան:
Այսուհանդերձ Իզորիան չի նշել, թե ինչ ՀՕՊ միջոցների մասին է խոսքը և թե ինչ նկատի ունի ասելով «երկրորդ փուլ»:
Հիշեցնենք, որ 2015 թ. Վրաստանի պաշտպանության նախարարությունը եվրոպական Thales Raytheon Systems ընկերության հետ ստորագրել էր, ենթադրաբար, փոքր հեռահարության ՀՕՊ համակարգերի մատակարարման պայմանագիր: Դրանից մի քանի շաբաթ անց Վրաստանը համաձայնագիր էր ստորագրել նաև եվրոպական հրիթռային համակարգերի առաջատար մշակող և արտադրող MBDA ընկերության հետ: Նշենք, որ հենց MBDA ընկերությունն է արտադրում նշված «Միստրալ» դյուրակիր ԶՀՀ-ները:
Վերջերս վրացական լրատվամիջոցում տեղեկություն էր տարածվել, որ Վրաստանի զինված ուժերի սպառազինությունը կարող է համալրվել Ֆրանսիայում արտադրվող «Միստրալ» դյուրակիր զենթիահրթիռային համալիրներով: Աղբյուրում նշվում էր, որ «Միստրալները» պետք է մատակարարվեն 2015 թ. ստորագրված՝ Վրաստանին եվրոպական ՀՕՊ համակարգեր մատակարարելու պայմանագրի շրջանակներում:
Թեև դեռևս հստակ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ համակարգերի ձեռքբերման շուրջ էին բանակցություններ ընթանում: Սակայն դատելով վրացական մամուլում և փորձագիտական շրջանակներում տարածված տեղեկություններից՝ խոսքը փոքր հեռահարության MBDA դյուրակիր ԶՀՀ-ների մասին էր (մինչև 10 կմ հեռահարություն) կամ SAMP/T ԶՀՀ-ների, որը թույլ է տալիս ուղղաթիռները և ինքնաթիռները խոցել 25 կմ բարձրության և մինչև 100 կմ հեռավորության վրա: